Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

20 Մայիս, 2019 12:09
Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Ուկրաինայի ժողովրդին երդմնատվության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գերագույն ռադայի նիստում:

«Պարտավորվում եմ՝ իմ բոլոր գործերով պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, հոգ տանել Հայրենիքի բարօրության եւ ուկրաինական ժողովրդի բարեկեցության մասին, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հարգել Ուկրաինայի Սահմանադրությունն ու Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները ի շահ բոլոր հայրենակիցների, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում»,-ասել է երկրի նոր նախագահը:

Դրանից հետո Զելենսկուն հանձնվել են իշխանության խորհրդանշանները՝ գայիսոնը, Ուկրաինայի նախագահի կրծքանշանը եւ դրոշմակնիքը, իսկ ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը Զելենսկուն հանձնել է պետության ղեկավարի վկայականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան:  Փառք Ուկրաինային»՝ ասաց Զելենսկին՝ հայտարարելով Գերագույն ռադան արձակելու մասին:

Խորհրդարանն արձակելու մասին հայտարարությունից հետո Զելենսկին հավելեց. քանի  որ երդմնակալության օրը նշանակված է աշխատանքային օրը, նշանակում է երեկույթներ չի լինի: Նա հայտատարեց, որ պատգամավորները պետք է փոխեն պատգամավորի  անձեռնմխելիության, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքները, ինչպես նաև Ընտրական օրենսգիրքը՝ բաց ընտրական ցուցակներով, ազատել անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին: «Դրա համար մենք ունենք երկու ամիս»,- ավարտեց իր խոսքը Զելենսկին:  Հենց այդքան ժամանակ կտևի խորհրդարանի արտահերթ  ընտրությունների արշավը:

Զելենսկին նաև  հայտարարեց, որ փորձելու  է Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները և որ քաղաքացիություն կտա ցանկացած  ուկրաինացու, որը  պատրաստ  է աշխատել հանուն երկրի  բարօրության:

Նրանք, ովքեր եկել են Գերագույն ռադայի պատերի մոտ դիտելու երդմնակալության արարողությունը և դիմավորելու նոր նախագահին, ուրախությամբ  ընդունեցին  Ռադան արձակելու մասին հայտարարությունը: Նրանք Զելենսկիին գոչում են՝ կեցցես:

Հիշեցնենք, որ ապրիլին անցկացված  ընտրություններում Զելենսկին ստացել  էր ընտրողների  ձայների ավելի  քան 73%-ը: Նա դարձավ Ուկրաինայի վեցերորդ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին