Կարևոր իրադարձություններ

Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելը, հայհոյելն է, չկա. Ն. Զոհրաբյանը՝ Հ. Մարգարյանի վրա հարձակման միջադեպի մասին

19 Մայիս, 2019 20:49
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելը, հայհոյելն է, չկա. Ն. Զոհրաբյանը՝ Հ. Մարգարյանի վրա հարձակման միջադեպի մասին

Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է, չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպին:

 Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. 

«Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է, չկա

 Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է, չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն:

Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի միակ բնազդը ատելությունն ու թշնամանքն է` չկա: 
Կանգ առնել է պետք: Հանուն ոչ մի նպատակի չի կարելի, ուղղակի չի կարելի հասարակությանը բաժանել ներքին թշնամիների:

Ատելության այս շղթան ջարդել է պետք, այլապես` ուշ կլինի, եթե արդեն ուշ չէ: Տեղի ունեցավ այն, ինչից զգուշանում էինք, բայց հասկանում էինք, որ այլևս անխուսափելի է: Ատելության լավան սոցցանցերից հորդաց իրական կյանք ու ես վախենում եմ սահմռկեցուցիչ հաշվեհարդարներից: Ճանապարհը մեկն է` իշխանությունը, որպես քաղաքացի, չպիտի սնվի սոցցանցերում սեփական՝ իրական ու ֆեյք նվիրյալների ագրեսիվ ադրենալինով: 

Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, հարձակվել են նրա վրա, նախ՝ սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել:

Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:

 

Լրահոս

Դիտել ավելին