Կարևոր իրադարձություններ

«Սուտ է»․ 2008թ․մարտի 1-ին արգելափակված լրատվամիջոցները հակադարձում են Ռոբերտ Քոչարյանին. factor.am

17 Մայիս, 2019 21:53
«Սուտ է»․ 2008թ․մարտի 1-ին արգելափակված լրատվամիջոցները հակադարձում են Ռոբերտ Քոչարյանին. factor.am

Լրատվամիջոցներն արձագանքում են մայիսի 16-ի դատական նիստում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։Այս մասին տեղեկացնում է factor.am-ը:

 Երկրորդ նախագահն ասել է, թե 2008 թվականի մարտի 1-ին և հաջորդող օրերին Հայաստանում ինտերնետը չի սահմանափակվել, 32 հեռուստաընկերությունից սահմանափակման է ենթարկվել ընդամենը 9-ը, մնացածն աշխատել են առանց սահմանափակումների։ Իսկ 39 թերթից սահմանափակվել է 15-ի աշխատանքը: 

«Երևանում մամուլի տեսանկյունից մի քանի տասնյակ թերթեր նաև մարզային, ոչ մեկի գործունեությունը չի սահմանափակվել և չէր կարող սահմանափակվել, քանի որ միայն հրամանագրով նախատեսված չէր որևէ նման սահմանափակում։ Որևէ սահմանափակում նաև ինտերնետի նկատմամբ չի եղել։ Սա ուղղակի ակնհայտ փաստ է, ես չգիտեմ սրա դեմ ինչ արգումենտներով կարելի է խոսել։ ՀՀ-ում կային 39 թերթ, որից միայն 15-ին է վերաբերվել հրամանագրով նախատեսված սահմանափակում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ 


Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը սուտ է որակում Ռոբերտ Քոչարյանի  պնդումները։ Խմբագիրը վերհիշում է՝ 2008-ին լրագրողն իրեն զգում էր թևերը կտրած վիճակում, երբ ամեն ինչ տեսնում էր ու արձանագրում, բայց ոչնչի մասին չէր կարող խոսել։ 

«Դա ուղղակի սուտ է և չգիտեմ․․․ նման բան կարելի էր ասել այն ժամանակ, երբ բոլորս վաղաժամ ամնեզիայից տառապելիս լինեինք կամ ընդհանրապես ոչ ոք կենդանի չլիներ։ Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք փորձել են մյուս կողմի տեսակետը ներկայացնել, լույս չեն տեսել և լույս են տեսել միայն այն լրատվամիջոցները, որոնք պատրաստ էին հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն կամ այն, ինչ-որ հաճո էր այն ժամանակվա իշխանությանը»,- ասում է Աննա Իսրայելյանը։ 

Մարտի 1-ի իրադարձություններից հետո «Առավոտը» լույս չի տեսել։ Աննա Իսրայելյանի պատմելով՝ ռեժիմի փոքր-ինչ մեղմացումից հետո փորձել են ընթերցողին տեղեկացնել հիվանդանոցներում վիրավորների առկայության, Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի մանրամասներից, բայց թերթի տպագրությունը կրկին արգելվել է՝ հղում անելով նախագահ Քոչարյանի՝ արտակարգ դրության մասին հրամանագրին: 

«Առավոտին հնարավորություն չտրվեց աշխատելու, որովհետև հենց այդ օրը արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ հրամանագիրը ստորագրվեց, ԱԱԾ գրաքննիչները հայտնվեցին տպարանում և քանի որ այդ օրը մեր թերթի խմբագրականում նշված էր, որ քանի որ հնարավորություն չի տրվելու երկրորդ կողմի տեսակետը ներկայացնել, իսկ «Առավոտը» միշտ այդպես է աշխատել, ապա մենք, ի նշան բողոքի, սպիտակ էջեր ենք հրապարակում։ Այդ սպիտակ էջերի պատճառով մեր թերթի հրատարակությունն այդ օրը արգելվեց․․․ դա գործադուլի կոչ ընկալվեց»,- հիշում է Աննա Իսրայելյանը։ 

Ինտերնետի՝ սահմանափակված չլինելու մասին Ռոբերտ Քոչարյանի պնդմանը ֆեյսբուքի էջում հակադարձել է «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Նա պատմում է, որ 2008 թվականի մարտի 2-ի ցերեկը իրեն են զանգահարել ինտերնետի մատակարար «Արմինկո»-ից ու տեղեկացրել, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրած ԱԱԾ գրաքննիչը պահանջել է ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: «Այնպես որ գոնե այս մասով երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»,- իր խոսքը այսպես է եզրափակում Արամ Աբրահամյանը։ 

«Քոչարյանը չգիտե՞ր, որ 20 ինտերնետային կայք էր արգելափակվել» վերնագրով հոդվածում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն արձագանքել է նաև «Ա1+»-ի խմբագրությունը։ Հեռուստաընկերությունը հիշեցնում է՝ ԱԱԾ-ի կողմից գրաքննության պայմաններում թերթերի զգալի մասը հրաժարվեց տպագրվել, հեռուստաընկերություններն էլ պաշտոնական դիրքորոշումից բացի այլ տեղեկատվություն չէին ներկայացնում։ Արգելափակվածների թվում էին «Ա1+»-ի ու «Ազատության» կայքերը: «Արգելափակվեց նաև Youtube-ը, քանի որ այնտեղ քաղաքացիները, ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր»,- նշում է «Ա1+»-ը։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը, իսկ արտակարգ դրության հրամանագիրը շղարշ էր ավելի բիրտ գործողությունների համար, իրականության մեջ գրաքննություն էր սովետական ոճով: 

«Երկրորդ նախագահը ստում է, որովհետև բոլորս գիտենք, որ բազմաթիվ կայքեր փակվում էին ու այլ հնարավորություն փորձում գտնել, որպեսզի իրենց խոսքը հասցնեին։ Այն ժամանակ ինչ կատարվում էր ինտերնետի հետ, հեշտորեն կարելի է համեմատել Հյուսիսային Կորեայի, Իրանի հետ, թե ինչպես են նրանք փորձում վերահսկել, բայց տեխնոլոգիաներն ավելի հզոր են, քան դիկտատորների ցանկությունները։ Իրականում այն, ինչ ինքը իրականացրեց 2008 թվականին, բնորոշ է քաղաքակրթությունից հեռու դիկտատորին և դիկտատորական ռեժիմին։ Ովքեր պատրաստ էին հլուհնազանդ իրեն ծառայել և հիմնավորել բոլոր այդ գործողությունները, նրանք իրավունք ունեին գործել, իսկ նրանք, որ քննադատաբար էին մոտենում, ապա նրանց գործողությունները կամ կասեցվում էին, կամ անտանելի պայմաններ էին ստեղծվում, ու նրանք հրաժարվում էին լույս տեսնել։ Ինքը չէր կարող համաժողովրդական ըմբոստությունը կանխել, եթե լրատվամիջոցները շարունակեին գործել»,- նշում է Աշոտ Մելիքյանը։ 


 Աշոտ Մելիքյանը  հիշեցնում է՝ տոտալ ճնշման տակ էին հեռուստաընկերությունները, ու թեև արտակարգ դրության հրամանագիրը պետք է միայն Երևանում գործեր, սահմանափակման տակ էին հայտնվել մարզային հեռուստաընկերությունները, ինչպես ասենք՝ ընդդիմության ելույթները հեռարձակող ԳԱԼԱ ՀԸ-ն։

«Եվ ինչպես Քոչարյանը ճնշում էր քաղաքական ազատությունները, ճիշտ այդպես ինքը մարդու իրավունքներն էր ճնշում, և մասնավորապես՝ խոսքի ազատությունը և այսօր ուղղակի ծիծաղելի է՝ այն մարդը, որը տղամարդկությունից էր խոսում, ասում էր՝ ով է, որ իմ դեմ պետք է կանգնի, տղամարդկություն չունի ընդունելու, որ ինքը ճնշել է խոսքի ազատությունը իր քաղաքական նպատակների համար»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մայիսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ 



 

Լրահոս

Դիտել ավելին