Կարևոր իրադարձություններ

ՀԴԿ–ն աջակցում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզն արգելող նախագծին

17 Մայիս, 2019 15:05
ՀԴԿ–ն աջակցում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզն արգելող նախագծին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք աջակցում են 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզն արգելելուն ուղղված ԲՀԿ նախագծին, ինչպես նաև պահանջում են արգելել  ազգային արժեքային համակարգին հակասող երևույթների ցանկացած քարոզ ցանկացած տարիքի համար։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀԴԿ-ն ոչ միայն պաշտպանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից պաշտոնական շրջանառության մեջ դրված նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը, այլև պահանջում է ընդհանրապես արգելել մեր ազգային արժեքային համակարգին հակասող երևույթների ցանկացած քարոզ ցանկացած տարիքի համար:

Բացահայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության շղարշի ներքո, արդեն տարիներ շարունակ փորձ է արվում քայքայել հայ ընտանիքի հիմքերը:

Հայտարարում ենք, որ ՀՀ կառավարություններին առաջարկվել են խոշոր գումարներ, փաստացի կաշառք, տարբեր համասեռամոլ խմբերի այսպես կոչված անբնական «իրավունքների» պաշտպանությունն ամրագրող օրենքների ընդունման դիմաց: Այսպես օրինակ, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ նա առանց վարանելու հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդմամբ վերոնշյալ օրենքներից մեկի ընդունման պարագայում եվրոպական կառույցները պատրաստ են բյուջե փոխանցել մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ստուգել նման տեղեկատվությունը դժվար չէ, բավական է ուսումնասիրել այդ տարիների ՀՀ բյուջեի մուտքերը:

Փաստում ենք, որ հայ առաքելական եկեղեցին միանշանակ դեմ է արտահայտվել քրիստոնեական բարոյականության նորմերը ոտնահարելու փորձերին: Իր հերթին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական ուղերձով դիմել է հայ ժողովրդին, 2019թ. հայտարարելով «Ընտանիքի տարի»: Սրբապղծություն կլինի, եթե ԱԺ պատգամավորները, հակառակ Վեհափառի հորդորների, օրենքներ ընդունեն, որոնք ոչ մի աղերս չունեն մեր ավանդույթների, ազգային նկարագրի հետ:

Համոզված ենք, մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը քաղաքացու իրավունքների իրականացումը պատկերացնում է Սահմանադրական նորմերին համապատասխան և ոչ ավելին:

Մենք վճռական ենք՝ շարունակելու անողոք պայքարը մեր սերունդներին հոռի բարքերին հարմարեցնելու փորձերի դեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին