Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը և ԱԺ-ին

17 Մայիս, 2019 10:28
Արարատ Միրզոյանն առաջարկում է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցել կառավարությանը և ԱԺ-ին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է  ընդլայնել կառավարության և Ազգային ժողովի, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների լիազորություններն ի հաշիվ վարչապետի լիազորությունների:

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին վերաբերող օրենքներում:

Նախագծով առաջարկվում  է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձեւավորման սկզբունքը:

Նոր օրինագիծը նախատեսում է, որ այդ հանձնաժողովոների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահել Կառավարությանը:

Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովների անդամներին,  այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները:

Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա ԱԺ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:

Այս պարագայում, ընդդիմադիր խմբակցությունները հնարավորություն են ստանում նշված երկու հանձնաժողովների անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրել:

 

Լրահոս

Դիտել ավելին