Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Ծխելն արգելվելու է փակ, կիսափակ եւ նույնիսկ բաց տարածքներում

16 Մայիս, 2019 16:28
Ծխելն արգելվելու է փակ, կիսափակ եւ նույնիսկ բաց տարածքներում

Ծխելն արգելող խիստ, շատ խիստ օրենքի նախագիծը պատրաստ է Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել այսպես ասած՝ ծխելու դեմ պայքարին ուղղված օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը հետաձգվել էր, քանի որ բողոքի ցույցեր էին անում սպասարկման ոլորտի ներկայացուցիչները, որոնց գործունեության վրա էր ազդելու այս նախագիծը: Նախագծին դեմ էին արտահայտվում նաեւ այն տնտեսվարողները, որոնց օբյեկտների կիսափակ տարածքներում էլ էր արգելվում ծխելը: Նոր նախագծում այդ դրույթը չեն հանել, պարզապես կիրառման ժամկետն են հետաձգել: «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով ծխելու վնասակարության մասին տեղեկատվությունը ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորման վրա պետք գրավի դրա 50%-ը, այժմ՝ 30 % է այս պահանջը: 

Առողջապահության նախարարը որոշել է շատ խիստ մեթոդներով պայքարել ծխելու դեմ: Եվ քանի որ նա ասել էր, որ այս նախագիծն ավելի շատ ուղղված է չծխող դեռահասներին, որպեսզի չսկսեն ծխախոտ օգտագործել, ապա Թորոսյանը փորձում է փակել դրան տանող գրեթե բոլոր ճանապարհները: Նոր նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով:

Արգելվում է նաեւ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում, իսկ դրանց ցանկն էլ արգելվելու է վաճառասրահում փակցնել:

Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա: Նույնատիպ արգելք է գործելու նաեւ կրթօջախների, մշակութային կենտրոնների, գրադարանային եւ ժամանցային դեպքերում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում: Այս նույն արգելքը՝ ծխախոտի իրացումը տարածվելու է հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներում:

Եվ որ ծխողների ու տնտեսվարողների համար ամենացավոտն է, ծխելն արգելվելու է հետեւյալ փակ, կիսափակ եւ բաց հանրային տարածքներում՝ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնատները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները): Ինչպես նաեւ արգելքը տարածվելու է համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում, աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, առեւտրային կենտրոններում, ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`օդանավակայանում ծխողների համար նախատեսված վայրից: Ծխելն արգելվելու է հանրային կանգառների ծածկի տակ, կրթական եւ մշակութային եւ առողջապահական հաստատություններում, նույնիսկ մուտքի մոտ չի թույլատրվելու ծխել, միայն՝ 5 մետր հեռավորության վրա կթույլատրվի ծխել: Ծխելն արգելվելու է՝ զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների: Դե հասարակական տրանսպորտում, նույնիսկ սեփական ավտոմեքենայում է արգելվելու ծխելը՝ եթե մեքենան ընթացքի մեջ է: Ընդհանրապես շատ վայրերում է արգելվելու ծխելը:

Նախագծով նախատեսվում է՝ ծխախոտի տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում՝ հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող, թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ՝ ձայնային կամ պատկերի միջոցով:

Օրենքով սահմանված արգելքը խախտելու դեպքում տուգանք է սահմանված՝ 100 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամ, կրկնվելու դեպքում տուգանքի կհասնի մինչեւ 400 հազար դրամի:

Շատ շուտով այս նախագիծը ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Սակայն անցումային դրույթներից մեկով փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի մայիսի 1-ից: Իսկ կիսափակ տարածքներում ծխելն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի մայիսի 1-ից: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին