Կարևոր իրադարձություններ

Աբովյանում իրավիճակը թեժանում է. իրավապահները պրեսինգի են ենթարկում քաղաքապետին. «168 ժամ»

16 Մայիս, 2019 09:01
Աբովյանում իրավիճակը թեժանում է. իրավապահները պրեսինգի են ենթարկում քաղաքապետին. «168 ժամ»

«Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան հունիսի 9-ին: Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում, կրքերը թեժանում։ Իշխանությունները, այդ թվում՝ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նկատմամբ։ ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են տիրող իրավիճակին և իրավապահ մարմինների կողմից Աբովյան համայնքում անցկացվող լայնածավալ ստուգումների մասին։ Այս կապակցությամբ «168 ժամ»-ը հարց է ուղղել Վահագն Գևորգյանին։

 -Պարոն Գևորգյան, մենք տեղեկություններ ունենք, որ արդեն մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգումներ են իրականացնում Աբովյան համայնքում, նույնիսկ կան հարուցված քրեական գործեր։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ իրավախախտումների մասին է խոսքը։


-Այո, իսկապես, արդեն մի քանի ամիս է, ինչ իրավապահ տարբեր մարմիններ՝ Դատախազությունը, ոստիկանությունը, քննչական մարմիններն ինչ-որ հաղորդումների հիման վրա, որոնք հստակորեն ուղղորդվում են մի կենտրոնից, լայնածավալ միջոցառումներ են իրականացնում համայնքապետարանում։

Ստուգում են ամեն ինչ, քրքրում են մանրակրկիտ կերպով, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ են ման գալիս։ Ստուգել են ավելի քան 6 մլրդ բյուջեն, սոցիալական ծրագրերը, մեր մարզի «հարգարժան» մարզպետի հաղորդումների հիման վրա տակնուվրա են արել աճուրդների հետ կապված փաստաթղթերը, իրավական և մասնագիտական հսկողության անվան տակ մարզպետարանից գործուղված ռևիզորների կազմած փաթեթները։ Թող փնտրեն, ինչքան ցանկանում են, ես մի բան կարող եմ միայն ասել՝ իմ խիղճը հանգիստ է, ձեռքերս մաքուր են, հավատս՝ անսպառ, որ ամեն ինչ լավ է լինելու։

 -Այս ամենն ինչո՞վ եք պայմանավորում։

-Ես կարծում եմ՝ այս ամենը նախընտրական գործընթացներով է պայմանավորված։ Մեր հարգարժան ընդդիմախոսները որոշել են նման գործընթացներ նախաձեռնելով՝ ստվերել մինչ այժմ մեր կատարած աշխատանքները, նախընտրական քարոզչությունից առաջ ստանալ մեկնարկային լավ պայմաններ, իբր թե ամենաթողության ու անարդյունավետ կառավարման կեղծ պատրանքներ ստեղծել։ Կարծում եմ՝ չի հաջողվի, մեր համայնքի բնակիչները լավ են տեսնում՝ ով ինչով է զբաղվում, և հունիսի 9-ին ընտրությունների միջոցով իրենց վճռական կամքը կարտահայտեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին