Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախկին նախագահն ապրում է բնության գրկում, զբաղվում ատաղձագործությամբ ու քոթեջի վարձակալությամբ

14 Մայիս, 2019 12:35
Վրաստանի նախկին նախագահն ապրում է բնության գրկում, զբաղվում ատաղձագործությամբ ու քոթեջի վարձակալությամբ

Նախկին նախագահները սովորաբար պաշտոնից հեռանալուց հետո կամ դասախոսություններ են կարդում, որոնց համար լավ գումար են վաստակում, կամ խոշոր կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում են ընդգրկվում, կամ սեփական հիմնադրամներն են հիմնում: Սակայն Վրաստանի նախկին նախագահն այլ ճանապարհով է գնացել՝ նա բնության գրկում գտնվող անշարժ գույքը վարձակալության է տալիս ցանկացողներին: 

Հինգ տարի Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Գիորգի Մարգվելաշվիլին վերադարձել է նաև իր նախկին կյանքին՝ մանկավարժական գործունեությանը, գրում է Reuters գործակալությունը:

49-ամյա գործիչն ու նրա ընտանիքն այժմ բնակվում են Դուշեթի քաղաքում՝ մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հյուսիս-արևմուտք:  

«Սա հոգեպես հարստացնող փորձ է»,-գործակալության հետ զրույցում ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը պետական թոշակ չունի, որի վրա կարող է հույս դնել, զբաղվում է ատաղձագործությամբ՝ ստեղծելով կահույքի ու այլ պարագաներ, որոնցից շատերը նա օգտագործում է գյուղական տարածքում վարձակալությամբ տրվող անշարժ գույքը կահավորելու համար:

Նախկին նախագահը սկսել է քոթեջը զբոսաշրջիկներին վարձակալության տալ մոտ 2 ամիս առաջվանից:

Նա պատմել է, որ այցելուներից ոմանք, հիմնականում՝ վրացիները, ճանաչում են իրեն, մյուսների՝ եվրոպական կամ նախկին խորհրդային պետություններից զբոսաշրջիկների համար դա անակնկալ է լինում:

Այս կյանքը կտրուկ տարբերվում է իր՝ որպես արևմտամետ անկուսակցական քաղաքական գործչի կյանքից, որի նախագահական լիազորությունները սահմանափակ էին, ու որը հաճախ էր լարված հարաբերություններ և տարաձայնություններ ունենում ինչպես երկրի իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության հետ, գրում է լրատվամիջոցը:

Նա, իր կինն ու երկու երեխաներն ապրում են վարձով տրվող անշարժ գույքից ոչ հեռու՝ երկհարկանի ոչ շքեղ տանը: Իր սեփական տունը նույնպես զարդարված է իր իսկ ստեղծած աշխատանքներով, ինչպես նաև իր կնոջ՝ Մակա Չիչուայի նկարած նկարներով:

«Քաղաքականությունից հեռանալս միջոց էր այս երկրում նախադեպ ստեղծելու, որ քաղաքականությունից հետո կյանք կա»,- ասել է նա:

Բակով զբոսնելով, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա բնությունը՝ նա ասել է, որ դիտարկում է իր փոքրիկ կալվածքում ձիաբուծարան ու գինեգործարան հիմնելու գաղափարը:

«Ինձ համար նախագահության 5 տարիները բավականին լարված տարիներ էին: Այժմ ես պարզապես վայելում եմ թեթև և խաղաղ կյանքը»,- ասել է նա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին