Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն Ազատանում է. ի՞նչ կապ ունեն ազատանցի քարտաշն ու էլեկտրիկը Ռոբերտ Քոչարյանի հետ

13 Մայիս, 2019 17:36
ԱԱԾ-ն Ազատանում է. ի՞նչ կապ ունեն ազատանցի քարտաշն ու էլեկտրիկը Ռոբերտ Քոչարյանի հետ

Երկու օր առաջ տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն: Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ գրելով, որ մասնավորապես Մուրադ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարը, ֆեյսբուքի իր էջում գրեց հետեւյալը. «Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել: Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի: Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»:

ՀԺ-ն պարզել է, որ Ազատանում իրականում գումար բաժանել են: Ովքե՞ր, որտեղ՞, ինչպե՞ս են բաժանել եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերը եւս ունեն պատասխաններ:

 

Ազատանում գումար բաժանել են քարտաշ Գերասիմն ու էլեկտրիկ Աղասին: Երկուսն էլ Ազատանի բնակիչ են: «Հարությունյան Աղասի եւ Գերասիմ Պապիկյան: Գերասիմը քարտաշ տղա է, ըստից, ընդից քար է կտրում, տանում ծախում է, որ գլուխը պահե, էն մեկն էլ էլեկտրիկ է, սովորական արենդատոր է էլցանցի, երեկ իրանց ղեկավարությունից սկսած սաղին խառնել են իրար: Էդ Քոչարյանն էս երկրում էնքան ընկավ, ընկավ, որ քաղաքական դաշտում դրանց վրա՞ հենվավ: Երկու ջահել տղա են, ինչ-որ խաղ կա, ամերիկյան կաշիլյոկ են ասում, ինչ են ասում, Յուքոմի խաղերից է ոնց որ, խաղում են, ներդրումներ են կատարում, դրանից ինչ-որ գումար են շահում, համ իրենք են փող աշխատում, համ էլ էդ մասնակից շահառուներին են տալիս: Ընդամենն ըդքան բան: Ոչ մեկից ոչ ստորագրություն են վերցրել, ոչ էլ ուրիշ բան, ոչ էլ ՎիվաՍելի հետ կապ ունի սա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

Ինչու՞ են մարդկանց լուսանկարել անձնագրերը ձեռքերին՝ հարցին, Իկիլիկյանը պատասխանեց՝ խաղի պահանջն է: «Անձնագրով նկարում են, sms են ուղարկում էդ խաղի սայթին, ինչ-որ գումարներ են շահում: Իրանք ընձնից չպահեցին, շահադիտական բաներ կան էլի ընդեղ: Գումարները շահում են, մի մասը տալիս են էդ շահառուին, մի մասն էլ իրենք են վերցնում: Ինչքան հասկացա, յուրաքանչյուր շահումը 10 հազար, թե 8 հազար դրամի չափ է: Ես նույնիսկ ասեցի՝ դուք չե՞ք մտածում, որ դա անաշխատ եկամուտ է, խնդիր կունենաք, ասեցին՝ չէ, երբ որ փողը տրամադրում է ծրագիրը, ընդեղ յուրաքանչյուր շահառուի շահումը ստացվում է 8000 կամ 10 հազար դրամ, միանգամից Յուքոմը փոխանցելուց դրա հարկային մասը պահում է: Այսինքն, պետության հարկը պահում է: Ասում են՝ ուզենք էլ, չենք կարա չտանք: Մի մասը տալիս են ժողովրդին, իրենք են էլի խաղում, ըմպես չի, որ ժողովուրդը պատկերացնում է, մի մասն էլ իրենցն է: Ասում են՝ համ մեզ է լավ, համ ժողովրդին: Էս ամիսը ոնց որ ակցիա է խաղի համար, հարմար պահ է, ամիսն էլ վերջանում է, արագ-արագ շահառուներ են  հավաքում: Հիմնական նպատակը էդ է, ես իհարկե, պատկերացում չունեմ էդ խաղից, փորձում ենք մենք էլ հասկանանք, որովհետեւ բդի նման բաներով զբաղված էղնիս, որ իմանաս, երկուսի հետ էլ խոսել ենք, իմ կարծիքով, եթե նման բան լիներ, իրավապահները երեկ չէ առաջին օրվանից են զբաղվում էս հարցով, հաստատ ինչի-որ ահազանգ կունենային: Էդ է իրանց ամբողջ նպատակն եղել: Թե դա ինչքանո՞վ է իրական, թող հմի համապատասխան մարմինները բացահայտեն: Եթե խաբել են, ուրեմն հաստատ իրանք իրանց պատիժը կստանան, եթե դրա տակը կեղտոտ բան կա, թող բացահայտեն, ավելի լավ»,-ասաց Իկիլիկյանը:

Համայնքապետը նաեւ տեղյակ պահեց, որ դեպքով զբաղվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը: Ինքը եւս անձամբ հանդիպել է ե՛ւ այս խառնաշփոթի հեղինակ տղաների ե՛ւ գումարները ստացած ազատանցիների հետ: Գրեթե վստահ է, որ չեն խաբում: Բայց թե ինչու են կատարվածը կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ թե ինչ նապատակով եւ ովքե՞ր են ուզում Ազատանը ներքաշել նման գործընթացների մեջ, չգիտի: Մի քանի վարկած ունեցել է, բայց երկար չի մտածել դրանց մասին, ասում է՝ անիմաստ է:

«Սկզբից մտածեցի՝ ուզում են կապել ինձ հետ, դե դիմացն ընտրություններ են, ուզում են համայնքի անունը հանել: Հետո, որ գտանք ովքեր են զբաղվել դրանով, պատկերացրեցինք, որ ոչ իմ դեմ է, ոչ էլ երկրի քաղաքականության դեմ է: Եթե Քոչարյանի հարցով մարդիկ բդի զբաղվին էդ թեմայով, ուրեմն  ավելի իրազեկ, լուրջ մարդիկ կզբաղվին: Էս խեղճ ջրկիրներն ո՞վ են, որ զբաղվին էդ հարցով»:

Նաեւ մտածել են, որ հնարավոր է՝ խաբեությամբ են փորձել ինչ-որ ստորագրություններ հավաքել, մարդիկ գրանցել: Ազատանցիները, սակայն, պնդել են, որ իրենք որեւէ ստորագրություն չեն դրել ոչ մի թղթի տակ: Ի սկզբանե էլ իմացել են, որ ինչ-որ խաղի են մասնակցում, որի շահումից գումար են վաստակելու: Աղասին ու Գերասիմը բոլորին ցույց են տվել իրենց հեռախոսները, դրանց մեջ եղած ինֆորմացիան, խաղը, ուղարկած եւ ստացած sms-ները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին