Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ ոչ հրատապ կանչերի և դրանց հնարավոր լուծումների մասին

13 Մայիս, 2019 12:08
Արսեն Թորոսյանը՝ ոչ հրատապ կանչերի և դրանց հնարավոր լուծումների մասին

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է վերջին շրջանում ոլորտի հետ առնչվող մի շարք հարցերի:

Shabat.am-ի  թղթակցի այն դիտարկմանը, թե  լինում են ոչ հրատապ առողջական խնդիրներով շտապօգնության կանչեր, օրինակ  ճնշում չափելու համար, որի արդյունքում տուժում են շտապ օգնության կարիք ունեցող շատ քաղաքացիներ, ինչպե՞ս է պատրաստվում ԱՆ-ը լուծել այս խնդիրը, նախարարը պատասխանեց.

«Շատ հետաքրքիր ու կարևոր   խնդրի մասին եք բարձրաձայնում: Մեր  կանչերի մոտ 70 տոկոսը չի ավարտվում հոսպիտալիզացիայով: Այսինքն պարզապես տեղի է ունենում բրիգադի այց, որի ժամանակ արվում են թեթև միջամտություններ՝ ներարկում, ճնշման չափում և վերջ: Իրականում պետք է լինի հակառակը՝ այցերը լինեն իրոք շատ շտապ»:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է արվում այս հարցը  լուծելու համար, Թորոսյանն ասաց.

«Այս տարի ավելացրել ենք շտապօգնության մեքենաների թիվը:  Հաջորդ տարի հավանաբար բյուջետային աճ կլինի՝ մոտ 1 մլրդ դրամի չափով, որը կուղղվի շտապօգնության հավելյալ բրիգադներ ունենալուն և նրանց աշխատավարձերի բարձրացմանը: Այս պահին փորձելու ենք  դասակարգել կանչերը՝ ըստ  հրատապության և ծանրության: Եթե դա կանչ է ընդամենը ճնշում կամ ջերմություն չափելու համար, ուրեմն չպետք է արվի 5 կամ 10 րոպեի ընթացքում, այլ օրինակ մեկ ժամվա, իսկ այդ 5-10 րոպեի ընթացքում կսպասարկվեն օրինակ ավտովթարից, ինֆարկտից կամ ինսուլտից տուժած և իսկապես հրատապ օգնության կարիք ունեցող քաղաքացիները: Այդպիսի կանչերի սպասարկումը հնարավոր է նաև պոլիկլինիկայի բժշկի այցով: Մտածում ենք նաև երեկոյան կանչերի համակարգի ներդրում կատարել, բայց սովորական մեքենաներով, ոչ թե շտապօգնության: Այսինքն պոլիկլինիկայի բժիշկը, որին մենք նույնպես հավելյալ կվճարենք, այց կկատարի ոչ հրատապ օգնության կարիք ունեցող քաղաքացուն և օգնություն կցուցաբերի տեղում»:

 

Լրահոս

Դիտել ավելին