Կարևոր իրադարձություններ

«Ի վերջո, Կուտոյանը մի մարդ է, ում օրոք Վանեցյանը պաշտոնի բարձրացում է ստացել». Դանիել Իոաննիսյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

12 Մայիս, 2019 18:22
«Ի վերջո, Կուտոյանը մի մարդ է, ում օրոք Վանեցյանը պաշտոնի բարձրացում է ստացել». Դանիել Իոաննիսյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

«Ես այդ տեղեկությունը ոչ պաշտոնական, բայց նախկինում ունեի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր է ոչնչացրել, ու արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն:

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ այստեղ խնդիրն այն է, թե ինչու քրեական գործ չի հարուցված.

«Եթե այս դեպքով հարուցվեր քրեական գործ, գործիքակազմը բացահայտման շատ ավելի լայն կլիներ, քան զուտ ծառայողական քննության դեպքում: Այս դեպքում իրենք կարող են մարդկանց առաջարկել ներկայացնել բացատրություն, մարդիկ էլ կարող են հրաժարվել ներկայացնել բացատրություն կամ ընդհանրապես չգան բացատրություն տալու: Ծառայողական քննության լծակները խիստ սահմանափակ են՝ ի տարբերություն նախաքննության, և այս առումով ես կարծում եմ, որ Քրեական օրենսգրքի առնվազն 308-րդ հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի և արդեն քրեական գործի շրջանակներում նախաքննությամբ առկա լայն գործիքակազմով բացահայտվի այդ հանցագործությունը»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Ինձ թվում է, որ, այո, ԱԱԾ-ն կաշկանդվածություն ունի, որովհետև եթե չունենար կաշկանդվածություն, քրեական գործ կհարուցեր, և քրեական գործի սահմաններում Կուտոյանն արդեն պարտավորված կլիներ գալ, իսկ հիմա ամեն դեպքում Կուտոյանը կարող է հրաժարվել ներկայանալ: Եվ ի վերջո, Կուտոյանը մի մարդ է, ում օրոք Վանեցյանը պաշտոնի բարձրացում է ստացել՝ Էրեբունիից եկել է Երևանի վարչության պետի տեղակալ: Եթե անգամ Վանեցյանը կաշկանդված չէ, միևնույնն է, հանրային վստահության դեֆիցիտ միշտ լինելու է, որովհետև ԱԱԾ-ն չի կարող պատշաճ կերպով ինքն իրեն քննել»,- նշեց Իոաննիսյանը՝ հավելելով.

«Այս հանցագործությունը ծառայողական պարտականությունների իրականացման սահմանում է հայտնաբերված, պաշտոնատար անձինք ԱԱԾ ծառայողներ էին, և իրենք պետք է կամ ուղարկեին, օրինակ, դատախազություն, կամ ՀՔԾ, կամ գործ հարուցեին, իրենք դա չեն արել: Տեսականորեն դա կարող ենք անել մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, բայց այդ դեպքում հղում ենք անելու Վանեցյանի և Փաշինյանի բանավոր հայտարարություններին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին