Կարևոր իրադարձություններ

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է

12 Մայիս, 2019 10:20
Հեղինակ՝ Արտակ Զաքարյան
Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է,-Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արտակ Զաքարյանը.

«Ուղիղ 25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը: Այս համաձայնագիրը և դրան նախորդած բիշքեկյան արձանագրությունը (1994թ. մայիսի 5) գործնականում հիմք դարձան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի հաստատման համար, որոնց շնորհիվ մինչև 2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունները, և դրանից հետո կողմերի միջև հարաբերական խաղաղություն է պահպանվում:

Բիշքեկյան արձանագրությունն ընդունվել է 1994թ. մայիսի 4-5-ը ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնային ժողովի և արտգործնախարարության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչը բարձրացնում է նման քաղաքական փաստաթղթի կարգավիճակը, հատկապես, որ այն ստորագրվել է ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովների նախագահների կողմից:

Բիշքեկյան արձանագրությանը հասնելու համար բավական աշխատանք է պահանջվել: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու համար 1991-94թթ. անընդմեջ միջնորդական ջանքեր էին գործադրվում: Սակայն դրանք արդյունք չէին տալիս, քանի որ Բաքվում, հույսեր կապելով հիմնախնդրի ուժային լուծման հետ, անտեսում էին բոլոր առաջարկությունները:

Անշուշտ, այս գործընթացում ՌԴ-ն ունեցել է կարևոր դերակատարում, սակայն որպեսզի ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ մտնեին, միայն ռուսաստանյան միջնորդությունը բավարար չէր: Դրա համար համապատասխան նախադրյալներ էին անհրաժեշտ, որոնք ի հայտ եկան նախևառաջ ԼՂՀ ՊԲ վճռորոշ գործողությունների շնորհիվ:

1994թ. գարնանային ռազմական գործողությունների արդյունքում նոր տարածքային կորուստների հավանականությունն Ադրբեջանի համար վտանգավոր էին դարձրել պատերազմի շարունակումը: Մարտակերտի և Ակնայի (Աղդամ) շրջաններում ՊԲ հաղթարշավի և հակառակորդի հենակետերից մեկի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Բաքվում հասունացել էր նաև ներքաղաքական ճգնաժամ, ինչը ստիպեց վերջինիս ընդունել կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի առաջարկը:

Փաստաթղթի հիմնական նպատակը կրակի դադարեցումն ու նրա ամրապնդումն է: Դրան նախորդել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ապրիլի 15-ին ընդունված հայտարարությունը, որի հիմնական աոաջնահերթությունը և կարգավորման նպատակը բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու դրա հուսալի ամրապնդումը էր:

Հրադադարի համաձայնագրի նախապատրաստական փուլում մտավախություն կար, որ այն չի ստորագրվի, հատկապես, որ վերջին պահին Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժել էր ստորագրել բիշքեկյան արձանագրությունը: Բնականաբար Ադրբեջանը չէր համակերպվում այն հանգամանքի հետ, որ Արցախը ճանաչվում էր որպես բանակցությունների, հետևաբար նաև հակամարտության լիիրավ կողմ: Ադրբեջանի խորհրդարանի այն ժամանակավա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էֆենդիևը հայտարարել էր, թե բիշքեկյան արձանագրություններն անընդունելի են, քանի որ բանակցություններ վարելով Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղը որպես հակամարտության կողմ: Սակայն ակնհայտ էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի՝ հրադադարի հասնելն անհնար էր: Այնուամենայնիվ, 1994թ. մայիսի 8-ին միլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևը ստորագրում է բիշքեկյան արձանագրությունը:

Որպես բիշքեկյան արձանագրությունը չստորագրելու պատճառ էր նշվում այդ օրերին Բրյուսելում Ալիևի մասնակցությունը ՆԱՏՕ խորհրդի նիստին և այնտեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի ստորագրումը: 1993թ. Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալով Հեյդար Ալիևը սկզբնական շրջանում վարում էր ռուսամետ քաղաքականություն, հուսալով, որ նրա օգնությամբ կլուծի հիմնախնդիրը: Այնուհետև, իր համաձայնությունը տալով ՆԱՏՕ-ի ծրագրին նա հայտարարել էր, որ Ադրբեջանը հույս ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը ստանալ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում: Սակայն ՆԱՏՕ-ին ևս անհրաժեշտ էր համագործակցել Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ, հատկապես, որ առանց Հայաստանի մասնակցության անհնար է ապահովել հաղորդակցության ուղիների անվտանգությունը:

Հրադադարի համաձայնագիրն իր փաստաթղթային ձևակերպումը ստացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի (համապատասխանաբար ստորագրել են մայիսի 9-ին, 10-ին և 11-ին) կողմից՝ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին և ԱԳ նախարար Անատոլի Կոզիրևին ուղղված համատեղ նամակում, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնել 1994թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը դադարեցնել կրակը:

Հատկանշական է փաստաթղթի երրորդ կետը, որով նախատեսում էր, որ կողմերը տասնօրյա ժամկետում' ոչ ուշ, քան մայիսի 20-ը, պետք է ստորագրեն զինադադարի մասին համաձայնագիրը, ինչը, սակայն, նշված ժամկետում չկատարեց ադրբեջանական կողմը:

1994թ. մայիսի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունն արդեն շահագրգռված էր հրադադարով և միջնորդների ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե Ալիևի դրությունը անելանելի չլիներ: Նա կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլ նաև իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Բացի այդ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այն կապված էր նաև Ալիևի վարչակարգի կողմից տարվող նավթային դիվանագիտության հետ: Անհրաժեշտ էին պատերազմը չվերսկսելու երաշխիքներ, որի դեպքում միայն նավթային ընկերությունները ներդրումներ կկատարեին: Նաև դա էր պատճառներից մեկը, որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ չճանաչող Ադրբեջանը ստիպված եղավ ստորագրել համաձայնագիրը:

Փաստաթղթի առանձնահատկություններից մեկն այն է, որ 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության համաձայն, կողմերն իրավունք ունեն անվտանգության գոտիներում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում կիրառել ներգործության բոլոր միջոցառումները՝ ընդհուպ ռազմական միջամտությունը:

Բիշքեկյան արձանագրության և դրան հաջորդած ԶՈՒ ղեկավարների ստորագրած փաստաթղթերի նշանակությունն այն է, որ դրանցից առաջինի օգնությամբ հաստատվեց հրադադարը, իսկ մյուսով կողմերը պարտավորվեցին ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը՝ զինադադարի մասին համաձայնագրի կնքման նպատակով:

Չնայած ընդունված փաստաթղթերի դրույթներն ամբողջությամբ իրականություն չդարձան, այդուհանդերձ, դրանք իրենց ուժը չեն կորցրել առ այսօր: Հետևաբար, ՀՀ-ն և Արցախն իրավունք ունեն պահանջելու վերադառնալ հենց այդ ձևաչափին: 
Ադրբեջանական կողմի մեկնաբանություններում բիշքեկյան արձանագրությունն ու դրան հաջորդած զինադադարի հաստատումը ներկայացվել են որպես պատերազմի ոչ բարենպաստ ընթացքի կասեցում և ժամանակ շահելու գործիք, թեպետ Բաքվում հասկանում էին, որ բիշքեկյան արձանագրությունն Ադրբեջանի պարտության ընդունումն ու Հայաստանի դիրքերի ամրապնդումն էր: Բացի այդ, բիշքեկյան խաղաղարար առաքելությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացմանը: Անց են կացվել նախագահական և խորհրդարանական ընտություններ, ձևավորվել են պետական կառույցները՝ հիմք դնելով փաստացի անկախացման գործընթացին:

1994թ. մայիսի վերջին շրջանառության մեջ դրվեցին հակամարտության կարգավորման երկու տարբերակներ՝ մեկը ՌԴ, մյուսը ԵԱՀԽ հեղինակությամբ: Երկու տարբերակներն էլ նախատեսում էին խաղաղության վերահսկման նպատակով բաժանարար ուժերի տեղակայում, փախստականների վերադարձ, կապուղիների վերագործարկում, շրջափակման վերացում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում հակամարտության վերջին փուլում: Սակայն ԵԱՀԽ անդամ պետություններից ոչ մեկը պատրաստ չէր խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում և պայմանագրերից որևէ մեկի ընդունումից հետո տարածաշրջան պետք է ուղարկվեին ռուսական խաղաղապահները: Բնական է, որ խաղաղապահ զորքերի տեղակայման հարցից է կախված, որևէ կողմի գերակշիռ ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս հանգամանքից ելնելով ԱՄՆ-ը և Եվրոպան չէին ցանկանում թույլ տալ, որ հակամարտության գոտում տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, ինչի համար մշտապես ճնշում էին գործադրում Ադրբեջանի վրա:

1995թ. փետրվարի 6-ից՝ միջնորդների առաջարկությամբ, հակամարտող կողմերը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրությամբ, եռակողմ ձևաչափով միջազգային-իրավական պարտավորություն են ստանձնել հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի ուսումնասիրության վերաբերյալ՝ կրկին փաստելով, որ հակամարտության կողմեր են հանդիսանում Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ-ն:

1994թ. Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունների, ինչպես նաև միջնորդների մասնակցությամբ հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման նպատակով ընդունված բազմաթիվ փաստաթղթերում Ադրբեջանի հետ համատեղ առկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների ստորագրությունները: Այդ բանակցությունները տեղի էին ունենում ոչ միայն միջնորդ երկրների տարածքներում, այլև բուն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա: Դրա շնորհիվ էր նաև հնարավոր դարձել հակամարտության գոտում այսքան ժամանակ պահպանել հարաբերական խաղաղությունը, ինչը միջազգային հակամարտությունների պրակտիկայում բացառիկ երևույթ է:

2016 թ. քառօրյա մարտական գործողություններից անմիջապես հետո ապրիլի 14-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ էր արվում ռազմական գործողությունների սանձազերծման պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները 1994թ. մայիսի 12-ի հրադադարի փաստաթղթերում, որոնցում կա նաև Արցախի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման իրենց համար անընդունելի սպառնալիք են տեսնում:

2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններն ու 1994թ. հրադարարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու և նոր պայմանագիր կնքելու Բաքվի փորձերն անցան ապարդյուն: Բաքվի նկրտումները վկայում են, որ 25 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին