Կարևոր իրադարձություններ

Վենետիկում ինքնատիպ արձան-կամուրջ է կառուցվել

11 Մայիս, 2019 10:08
Վենետիկում ինքնատիպ արձան-կամուրջ է կառուցվել

Իտալացի Լորենցո Քուինը Վենետիկում ներկայացրել է իր նոր` «Կամուրջներ ստեղծողները» արձանը, որն իրենից ներկայացնում է վեց զույգ հսկա ձեռք, որոնք միավորվելով ստեղծում են կամուրջի տպավորություն: Գլուխգործոցի բարձրությունը 15 մետր է, երկարությունը` 20 մետր: Այս մասին հայտնում է Тengrinews-ը:

 

Արձանը տեղակայված է Կաստելո շրջանում: Իր աշխատանքով հեղինակը մարդկանց կոչ է անում ուշադրություն դարձնել համընդհանուր արժեքներին, ընդառաջել միմյանց, հաղթահարել տարաձայնությունները, կառուցել կամուրջներ ոչ միայն աշխարհագրական, այլև փիլիսոփայական, մշակութային և զգացմունքային տեսանկյուններից:

«Մարդկությունը երբեք չի զարգացել խոչընդոտներ ստեղծելով: Այն միշտ աճում է` բացելով իր սահմաններն ու նոր մշակույթին ողջունելով: Վենետիկը դրա վառ ապացույցն է: Վենետիկը կապեր է ստեղծել Ասիայի, Հեռավոր Արևելքի հետ Մարկո Պոլոյի և առևտրականների շնորհիվ: Այն Եվրոպայի զարգացման պատմության մեջ միշտ եղել է շարժիչ ուժ:

 

Վենետիկը համաշխարհային ժառանգության և կամուրջների քաղաք է: Սա հիանալի վայր է, որպեսզի մարդկանց պատմես համախմբման և խաղաղության գաղափարների մասին և հուշես, որ պետք է կամուրջներ կառուցել` պատեր և խոչընդոտներ ստեղծելու փոխարեն»,- ասել է Լորենցոն:

Ձեռքերից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը, որն է` ընկերասիրություն, իմաստություն, օգնություն, հավատ, հույս և, իհարկե, սեր:

 

Լրահոս

Դիտել ավելին