Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

10 Մայիս, 2019 16:22
Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա մայիսի 29-ին տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց  է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու  խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ, որը տրամադրվել է գործակալությանը:

 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու ժամանակ՝ 2015 թվականին, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց է թողել ադրբեջանական «Քաբալա»-ի հետ արտագնա հանդիպումը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը բաց է թողել նաև Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի արտագնա հանդիպումն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ:

Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 9-ին Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում մրցակցի հարկի տակ 2-4 հաշվով հաղթանակ տոնեց իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Առաջին խաղում «Արսենալ»-ը հաղթանակ էր տարել 3-1 հաշվով: Կիսաեզրափակչի մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց գերմանական «Այնտրախտ»-ին և եզրափակիչ խաղում ուժերը կչափի «Արսենալ»-ի հետ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

 

Լրահոս

Դիտել ավելին