Կարևոր իրադարձություններ

«Շուրջս հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները ու շրջապատեցին ինձ». Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը

09 Մայիս, 2019 23:23
«Շուրջս հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները ու շրջապատեցին ինձ». Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը

Aravot.am-ը  ներկայացնում 12008 թվականի մարտի 1-ի գործով վկա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը:

«2008 թվականի մարտի մեկի վաղ առավոտյան, երբ քնած էի Ազատության հրապարակում գտնվող մեքենայի մեջ, ինձ արթնացրին. սովորաբար 7-ին էի արթնանում, ինձ արթնացրին վեցին, ասացին, որ Փարաքարից եւ Դավիթաշենից ներքին զորքերի եւ հատուկ զորամասերի շարժ կա, առանց տեխնիկայի: Ինձ հաղորդեցին, որ մարդատար մեքենաների հետեւից բեռնատար մեքենաներով զինվորներ են մոտենում Ազատության հրապարակին, որտեղ այդ ժամանակ կլիներ մոտ 1000 ցուցարար, ես վեր կացա, զրուցեցի հրապարակում գտնվող մարդկանց հետ: Չէի կարծում, որ իշխանությունները կարող էին բռնություններ կիրառել ու ցրել հավաքի մասնակիցներին, քանի որ ուժային կառույցների  շարժերի մասին տեղեկություններ մենք գրեթե ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք, որ հերթական շարժն  է եւ հանգիստ էինք, բայց, բոլոր դեպքերում, միացրինք միկրոֆոնները, որ հարկ եղած դեպքում կարողանայինք ժողովրդի հետ խոսել: Ժամը 6:40-ի սահմաններում երեւացին ոստիկանական ուժերը, որոնք նախ պտտվեցին հրապարակի շրջակայքում, ապա  անմիջապես հայտնվեցին Ազատության հրապարակում. ես միկրոֆոնի  միջոցով դիմելով  ցուցարարներին՝ խնդրեցի պահել հանդարտություն, չընդվզել, չբղավել, ասացի՝ սպասեք, տեսնենք՝ ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան, սա եղել է իմ վերջին խոսքը: Դրանից հետո Ազատության հրապարակ ներխուժած ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ ու սկսեցին ուղղակի մահակներով ջարդել հավաքված ցուցարարներին: Ոստիկանության կողմից նախապես ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրվել ցուցարարներին: Իմ ելույթի վերջին խոսքերից  10-15 վայրկյան անց շուրջս հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ ու շրջապատեցին ինձ: Սարգիսովը միանգամից մի կողմից թեւանցուկ արեց ինձ, մյուս կողմից ինձ թեւանցուկ արեց մի ուրիշ տղամարդ, ում չէի ճանաչում: Ինձ իջեցրին հարթակից ու փորձեցին դուրս հրավիրել հրապարակից: Ինձ ձերբակալեք, այնտեղից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով, ասացի՝ խնդրեմ, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: 

Այդ ընթացքում արդեն 10-15 րոպեի ընթացքում ոստիկանական ուժերը հրապարակը մաքրել էին ցուցարարներից, այնտեղ մարդ չէր մնացել, հրապարակն ամբողջությամբ լցված էր ոստիկանական ուժերով, որոնք սկսեցին ավերել հարթակի դինամիկները, պոկել ցուցարարների վրանները, անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին են եղել նման ձողեր: Ազատության հրապարակում մնացել եմ մինչեւ 8:30 –ի կողմերը, այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ծխել եմ եւ նստած հետեւել կատարվող իրադարձություններին: Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Թամամյան Հովիկին, մյուս ղեկավարների մասին տեղեկություն չեմ կարող հայտնել: Որոշ ժամանակ հետո ինձ կրկին մոտեցավ Սարգիսովն ու ասաց՝ պետք է հեռանամ այդտեղից, կրկին նրան ասացի՝ միայն ուժով կարող են հեռացնել ինձ: Մի քանի անգամ, գնաց, եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր  աշխատակիցների հետ, թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, ու Սարգիսովը պահանջեց նստել ոստիկանական մեքենան, որը մոտեցել էր մեզ: Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար, նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած՝ հարկադրաբար նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողքին նստեցին  ավտոմատավոր անձինք ու ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբարեդի խճուղում գտնվող իմ տուն: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին