Կարևոր իրադարձություններ

Զգացի, որ կորցնում եմ գիտակցությունս․ SSJ100 ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել

08 Մայիս, 2019 13:47
Զգացի, որ կորցնում եմ գիտակցությունս․ SSJ100 ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել

Մայիսի 5-ին Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցավ ողբերգական ավիավթար։ Աէրոֆլոտին պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց։ Վթարը խլեց 41 հոգու կյանք։ «Մեդուզա» լրատվականը զրուցել է հրաշքով փրկված 35-ամյա գործարար Օլեգ Մոլչանովի հետ, ով ինքնաթիռում է եղել կնոջ հետ միասին։ Վերջինս ևս հասցրել է դուրս գալ այրվող ինքնաթիռից։

«Նստած էինք 12-րդ շարքում։ Ինքս թևի կողմում էի ու պատուհանի մոտ, դրա համար պարզորոշ նկատեցի կայծակի հարվածը։ Բորտուղեկցորդուհին ևս նկատեց դա և անմիջապես հայտնեց այդ մասին հրամանատարին։ Մեզ հայտնեցին, որ ինքնաթիռը վերադառնում է օդանավակայան, քանի որ կան տեխնիկական խնդիրներ։ Այլ հայտարարություններ չեղան։

Կայծակի հարվածը խուճապ չառաջացրեց։ Ինքնաթիռը հավասարաչափ վայրէջք էր կատարում։ Զարմանալի է՝ ես սպասում էի ուժեղ հարվածի, բայց այն կարելի է ասել տանելի էր։ Խուճապը սկսվեց այն ժամանակ, երբ վայրէջքի պահին ինքնաթիռն առաջին  հարվածը ստացավ։ Վնասվածք չստացանք, բայց կանայք սկսեցին գոռալ։ Ոմանց հաջողվեց հետևի շարքերից առաջ գալ, և ինքնաթիռի հարվածը թույլ տվեց նրանց անել դա։ Այդպես փրկվեց 18-րդ շարքում նստած ուղևորը։

Մենք կնոջս հետ հարվածից հետո մնացինք մեր տեղերում։ Նա փորձեց կանգնել և փախչել, բայց ես ասացի, որ նստի, որովհետը սպասում էի, որ խուճապի պատճառով միջանցքում հրմշտոց կսկսվի։ Տեսա, թե ինչպես է փլուզվում կողվածքը, ինչպես սկսվեց հրդեհը։ Կրակը ներսում տարածվեց ակնթարթային։ Կնոջս առաջ հրեցի, երբ ինքնաթիռը կանգնեց։ Խոսակցության ժամանակ չկար։ Քայլում էի վերջից, իմ ետևում ոչ ոք չկար։ Հետո զգացի, որ կորցնում եմ գիտակցությունս։ Պառկեցի գետնին և սկսեցի սողալ։ Այդ ընթացքում տեսադաշտիցս կորցրի կնոջս»։

Ականատեսը պատմում է, որ կարողացել են երիտասարդ մի տղայի հետ ինքնաթիռից դուրս բերել երկու տղամարդու և մեկ կնոջ։ Չի կարող հիշել՝ ով էր նա։ Հավանաբար խոսքը բորտուղեկցորդ Մաքսիմ Մաիսեևի մասին է, ով զոհերի թվում է։  Հետո երիտասարդից Օլեգ Մոլչանովը դիմակ է խնդրել, որպեսզի հնարավոր լինի մնալ ինքնաթիռում, սակայն նրան հորդորել են դուրս գալ ինքնաթիռից։

«Ու՞ր գնաց երիտասարդը, ես չգիտեմ․․․Ոչինչ չեմ կարող ասել նաև պայուսակների մասին, որոնց վերաբերյալ խոսում են բոլորը։ Ինձ դրանք չէին խանգարում։ Չեմ կարող ասելէ որքան սպասեցինք , մինչև ազատվեց միջանցքը։ Չեմ կարող ասել, որ էվակուացիային ինչ-որ բան խանգարել է։ Միայն եղավ մի պահ, երբ մի կին վազեց առաջ ու ընկավ։ Նրան հանեցին։ Բայց հրմշտոց չի եղել ինքնաթիռում։ Կարծում եմ՝ զոհերի թիվը մեծ էր, որովհետև հրդեհը բռնկվեց ինքնաթիռի հետնամասում։ Հետևի ելքերը չբացվեցին, իսկ մարդիկ փորձում էին դուրս գալ իրենց մոտ գնտվող ելքերից։ Ուղևորները, որոնք նստած էին հետնամասում, կարծում եմ՝ շանս չունեին փրկվելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին