Կարևոր իրադարձություններ

Արցախը՝ լուրջ բաղադրիչ. Դատախազությունը կարող էր այլ մոտեցում ցուցաբերել. «Ժողովուրդ»

08 Մայիս, 2019 08:51
Արցախը՝ լուրջ բաղադրիչ. Դատախազությունը կարող էր այլ մոտեցում ցուցաբերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է լուրջ բաղադրիչ: Բանն այն է, որ երեկ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին գլխավորապես մասնակցում էին ընդդիմադիր շրջանակները, նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի ներկայացուցիչ:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ ու ԼՀԿ ներկայացուցիչներից բացի, Արցախում ՀՅԴ կազմակերպած ֆորումին մասնակցում էին քոչարյանական շրջանակները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որ ելույթ է ունեցել, ՀՀԿ-ականները եւ իշխանություններին արմատապես քննադատող անձինք:

Մյուս կողմից` հետաքրքիր է փաստը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:

Եվ, այո, իրավական առումով դատախազության պարզաբանումը միանգամայն ճիշտ է, այլ կերպ ասած` նախկին նախագահներն այս հարցում մի փոքր ուշացել էին, սակայն տվյալ դեպքում հարցն ունի նաեւ բարոյական կողմ՝ հաշվի առնելով, որ այդպիսի երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն էին հայտնել Արցախի ներկայիս եւ նախկին նախագահները, այլ կերպ ասած` ամբողջ արցախահայությունը։

Եվ այս պարագայում տվյալ անձանց դիմումին կարելի էր նաեւ այլ կերպ մոտենալ՝ մի կողմ դնելով, թե ում էր վերաբերում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին