Կարևոր իրադարձություններ

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան»

07 Մայիս, 2019 21:03
Հեղինակ՝ Խոսրով Հարությունյան
«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան»

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան

Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել դիմել իր ավագանուն քաղաքապետի, նրա տեղակալների և այլ աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու առաջարկությամբ: 
Հավանաբար, քաղաքապետն առաջնորդվում է այն թեզով, որ այդ նպատակի համար օգտագործման ենթակա միջոցները Երևանի բյուջեի միջոցներն են, իսկ Երևանի բյուջեն տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավասությունը վերապահված է քաղաքի իշխանություններին և վերջիններս էլ փորձում են օգտվել օրենքով իրենց վերապահված այդ իրավասությունից: 
Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա պարոն քաղաքապետը պետք է նաև գիտակցի, որ օրենքը պահանջում է, որ տեղական իշխանություններն այդ իրավասությունն իրացնեն բացառապես սեփական քաղաքական պատասխանատվությամբ, այսինքն իշխանություններն ուղղակիորեն ստանձնում են այդ որոշումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Ավելին, օրենքը հրամայաբար պահանջում է, որպեսզի տեղական իշխանության որոշումները բխեն համայնքի ազգաբնակչության շահերից և նպաստեն համայնքում առկա խնդիրների լուծմանը: 
Օրենքի իմպերատիվ այս պահանջների պարագայում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբախշ մեկնաբանել Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին անգամ և աննախադեպ այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը: 
Տեղյա՞կ է արդյոք, պարոն քաղասքապետը, որ իր քաղաքում դեռևս քիչ չեն վթարային շենքերում ծվարած և ցանկացած հորդ անձրևից երեխաների գլխին խարխլված պատերը քանդվելու վտանգի մեջ ապրող ընտանիքները: 
Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, որ Սարի թաղի հարյուրավոր ընտանիքներ ապրում են սողանքների ամենօրյա սպառնալիքի տակ և հորդառատ անձրևներից տարեց տարի խարխլվող ու քանդման վտանգի մեջ գտնվող պատերից ներս՝ կոմունալ- կենցաղային տարրական պայմաններից զուրկ: Նման օրինակները ցավոք շատ են:
Մի՞թե ողջամտությունը, իշխանության պատասխանատվության գիտակցումը և, վերջապես, բարոյականության տարրական ընկալումները չեն պահանջում, որ եթե բյուջեում առկա են միջոցներ, ապա վարձատրության տեսքով այդ միջոցները սեփական գրպանները դնելու փոխարեն պետք է ուղղել ֆոնդային բյուջե և լուծել մեր բնակիչների ամենահրատապ խնդիրները: 
Զավեշտալին այն է, որ քաղաքապետն իր քայլով բացահայտեց այս տարեսկզբից տեղական տուրքերի դրույքաչափերի աննախադեպ բարձրացման գլխավոր նպատակը: Պարզվում է տեղական տուրքերի դրույքաչեփերը բարձրացվեցին ոչ թե հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներին այդ միջոցները ուղղելու, այլ սեփական վարձատրությունը շեշտակի ավելացնելու նպատակով: Այս մոտեցումը, ըստ էության, մի քանի ամիս աշխատելու պարագայում իրենց պարգևավճարներ նշանակելու արատավոր պրակտիկայի տարամաբանական շարունակությունն է:

Այս երևույթն ունի մեկ անուն՝ բյուջեի թալան, ընդ որում, քաղաքական անպատասխանատվությամբ և ցինիզմով ուղեկցվող հանրային միջոցների համակարգված թալան:

Ի դեպ բոլորովին կապ չունի քաղաքապետը վերը նշված առաջարկը կներկայացնի Երևանի ավագանու դատին թե ոչ, կապ չունի նաև թե ներկայացնելու դեպքում ինչպիսի որոշում կկայացնի Երևանի ավագանին:

Անկախ այդ ամենից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր այդ քայլով իրեն զրկել է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու բարոյական իրավունքից: Կարծում եմ եզրակացությունները պետք է թողնել նրան և իշխող կուսակցությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին