Կարևոր իրադարձություններ

«Երևանյան գինու օրերը» և Հայաստանում արտադրվող Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիների համաշխարհային ճանաչումը

06 Մայիս, 2019 21:03
«Երևանյան գինու օրերը» և Հայաստանում արտադրվող Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիների համաշխարհային ճանաչումը

Մայիսի 3-ին և 4-ին Երևանի Սարյան փողոցում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Երրորդ տարին անցկացվող միջոցառումը հարցրել է դառնալ տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը: Միջոցառման մեծ ժողովրդականությունը պատահական չէ. չէ՞ որ Հայաստանը գինեգործության օրրանն է համարվում, իսկ այստեղ պատրաստված գինիներն իրենց ուրույն տեղն ունեն որակյալ գինիների համաշխարհային քարտեզի վրա: 

Հայկական գինեգործության 6100-ամյա ավանդույթին անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ, այդ թվում՝ The Wall Street JournalSaveur, Smithsonian, Newsweek, National Geographicand և Forbes պարբերականները:

Միջազգային լրատվամիջոցները, անդրադառնալով հայկական գինեգործության առանձնահատկություններին, հատկապես ընդգծում են Հայաստանում 2007թ.-ին գինու արտադրության՝ մեզ հայտնի դեռևս ամենահին վայրի հայտնաբերման փաստը: Խոսքը Արենիի 6100-ամյա Արենի-1 գինեգործարանի մասին է: Նախ՝ նշում են, որ այստեղից քիչ հեռու են արտադրվում բարձրորակ գինիների պատրաստման մեջ մասնագիտացած Yacoubian-Hobbs ընկերության գինիները, իսկ ընկերության խաղողի այգիները տեղակայված են 1350 մետր բարձրության վրա:

Վերջին տարիներին Հայաստանում արտադրվող բարձրորակ և նրբահամ գինիների շարքում առաջատար են Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները, որոնք, արտասահմանյան հեղինակավոր պարբերականների կողմից լուսաբանվելուց զատ, հասցրել են ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անցկացված TEXSOM International Wine գինիների մրցույթում արծաթե մեդալի արժանանալ:

Ապրանքանիշը ստեղծվել է աշխարհահռչակ ամերիկացի գինեգործ և խորհրդատու, գինեգործության ոլորտում բազմաթիվ մրցանակների արժանացած Փոլ Հոբսի և հայազգի Վիգեն և Վահե Յակուբյան եղբայրների համագործակցության արդյունքում:

Հոբսը, որին հայտնի Forbes պարբերականը «գինիների Սթիվ Ջոբս» է անվանել, գինու նկատմամբ սերը ժառանգել է հորից դեռևս 1960-ական թվականներին: Ինչպես նշում է պարբերականը, 1962թ.-ին համտեսած Chateau d’Yquem գինու մեկ ումպը բավական եղավ Հոբսի մոտ գինիների և գինեգործության նկատմամբ անսպառ սեր և հետաքրքրություն սերմանելու համար, ինչն էլ հայտնի գինեգործ-խորհրդատուին տարիներ անց բերեց Հայաստան:

Ինչպես նշում է Horizon շաբաթաթերթը, Հոբսի և Լիբանանում ծնված, սակայն այժմ Լոս Անջելեսում բնակվող Յակուբյան եղբայրների միջև համագործակցության գաղափարը ծնվել է դեռևս 2008թ.-ին: Ավելի ուշ աշխարհահռչակ գինեգործը հայազգի եղբայրների հրավերով Հայաստան է այցելել՝ գնահատելու վայրի ներուժը: Ուսումնասիրելով կլիման և ջրային ռեսուրսների առկայությունը՝ Յակուբյանները և Հոբսը խաղողի այգիների համար ընտրել են Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղը:

«Վայոց Ձորի այս լեռնային վայրում հրաբխային ծագման ժայռոտ հողերն ու կրաքարը, ինչպես նաև երկար վեգետացիոն շրջանը եզակի պայմաններ են ապահովում նրբահամ գինետեսակների արտադրության համար, ինչպիսին է, օրինակ, հայկական խորհրդանշական «Արենի» կարմիր գինին»,- ասվում է ապրանքանիշի պաշտոնական կայքում:

Ապրանքանիշն արդեն թողարկել է հայկական խաղողից պատրաստված մեկ սպիտակ և երկու կարմիր տեսակի գինի, որոնք հասանելի են Հայաստանի բոլոր բարձրակարգ ռեստորաններում և գինու սրահներում: Այս գինիները նաև թողարկվել են Միացյալ Նահանգներում:

 

Լրահոս

Դիտել ավելին