Կարևոր իրադարձություններ

«ԿԱՄՔ» նախաձեռնությունը հայտարարել է պայքարը շարունակելու մասին, կոչ արել կառավարությանը շարքերից հեռացնել այլասերվածներին

05 Մայիս, 2019 15:31
«ԿԱՄՔ» նախաձեռնությունը հայտարարել է պայքարը շարունակելու մասին, կոչ արել կառավարությանը շարքերից հեռացնել այլասերվածներին

Մեր սկսած պայքարն ավելի է թեժանալու: Այս մասին ասված է «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հայտարարության մեջ: Երեկ «ԿԱՄՔ»-ի անդամները խոչընդոտել էին «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը՝ համարելով, որ այն մանուկների շրջանում այլասերում է տարածում:

Նրանց հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ սկսված պայքարն առաջիկայում էլ ավելի է թեժանալու:

 

 Ա'րդ, դիմում ենք հայ հասարակության բոլոր շրջանակներին, յուրաքանչյուր ավանդապաշտ հայ անհատի, հանուն մեր երեխաների, միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին:

Այսօր Հայաստանում այլասերված փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել բացարձակ մեծամասնությանը: Մենք երդվել ենք` թույլ չենք տալու, որովհետև նոր-ազատական անվերահսկելի քարոզարշավը հակասում և սպառնում է ոչ միայն մեր մշակույթին  ու կենցաղին, այլև մեր երկրի սահմանադրությանը:

 Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում բացահայտել այլասերող գործողություններն ու  մատնացույց անելով  կատարողներին` նրանց գամել ամոթանքի սյունին: 

Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում` փրկել թավշյա հեղափոխության ձեռբերումները` իր շարքերից հեռացնելով սորոսականներին ու այլասերվածներին:

 Արդար, ներառողական և հավասար հասարակության կառուցման գործընթացի տերը մեր ազգն է, մեր ավանդապաշտ, պատասխանատու, հայրենասեր և հպարտ հայ քաղաքացին»:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ, մանուկների շրջանում այլասերում է տարածում:

Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։ 

Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:

ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված էր հաղորդագրության տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին