Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտում է «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը

05 Մայիս, 2019 10:14
 Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտում է «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար։ Մի՛ արեք․․․ Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։  Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:  Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:  Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»:



 

Լրահոս

Դիտել ավելին