Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության տարելիցին Ռումինիայի հայ պատգամավորները հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ

04 Մայիս, 2019 19:49
Հայոց ցեղասպանության տարելիցին Ռումինիայի հայ պատգամավորները հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները` հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմիոնը, Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ:

Ռումինական TVR հեռուստաալիքի կողմից լուսաբանվել են Ռումինիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն ու հատուկ թողարկումները: Ապրիլի 25-ին Ռումինիայի «Աջերպրես» պաշտոնական լրատվական գործակալությունն իր կայքէջում զետեղել է ՀՀ դեսպանության մամլո հատուկ թողարկումը:

«104 տարի առաջ, ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը սկսեց բարձրանալ Գողգոթա, որի գագաթին նրանց սպասում էր ոչնչացումը որպես ազգ: 104 տարի առաջ, ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, այն ժամանակվա վարչակազմը ձեռնարկեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման առաջին փորձն այն բնակավայրերից, որտեղ նրանք շարունակաբար բնակվել էին պատմության ողջ ընթացքում: Հետագայում նման քաղաքական ակտը միջազգային-իրավական համակարգում սահմանվելու է որպես ցեղասպանություն:

Պատմության ընթացքում եղել են դրվագներ, երբ ղեկավարները կայացրել են պաթոլոգիական որոշումներ: Շատ դեպքերում նման որոշման պատասխանատվությունն անարդարացիորեն ընկնում է այն ժողովրդի վրա, ում այդ կառավարիչները ներկայացրել են: Այդ պատճառով քաղաքական դասի, որը հետևում է պատմական հաջորդականությանը, նվազագույն պարտականությունն է, ճանաչել անցյալի սխալները և նույն անցյալի ահասարսուռ փաստերն հիշատակելու միջոցով չթույլատրել դրանց կրկնությունը: Սա թե՛ պետության քաղաքական դասի կամ պետության իրավահաջորդի, թե՛ միջազգային քաղաքական դասի պարտականությունն է, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն պետության ներքին ողբերգությունն է, այլև` համայն մարդկության:

Այսպես պատահեց և Հոլոքոստի՝ նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության պարագայում: Գերմանիայի ղեկավարները ճանաչեցին փաստերը ու հայցեցին հրեա ժողովրդի ներողամտությունը կարողացան ապացուցել, որ բացի այն պահերից, երբ պատմությունը խելագարվում է, ժողովուրդները կարող են ապրել բարիդրացիաբար: Բավական է միայն հիշել Վարշավայում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտ տպավորիչ ժեստը: Հոլոքոստի միաձայն ընդունմամբ միջազգային հանրությունը դրսևորվեց նույն մոտեցումը: Բոլորն ունեն ճշմարտության իրավունք և թե՛զոհերի, թե՛ ագրեսորների սերունդները չպետք է կրեն անցյալի բեռը:

Ցավոք, հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանությունից հարյուր տարի անց ամեն ինչ շատ տարբեր է: Ճիշտ է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում այդ ժամանակների փաստերը և ազգային խորհրդարաններում իրենց ներկայացուցիչների միջոցով այդ երկրների ժողովուրդները դասվում են նրանց շարքերում, ովքեր վշտալով անցյալը երաշխավորում են ապագա սերունդներին, որ մարդկության համար դժվար կլինի կրկնել մարդկային էակներին չհամապատասխանող դաժանություններ: Դժբախտաբար, Ռումինիան, որն առաջինն էր բացել իր դռները, մազապուրծ եղած փոքրաթիվ հայերի առջև, դեռ իր խորհրդարանի միջոցով չի կատարել այդ քայլը:

Այս հայտարարությունը ստորագրողները հանդիսանում են այն մարդկանց ժառանգները, ովքեր կարողացել են փրկել իրենց կյանքն ու ընդունվել են իրենց նոր հայրենիքում, ժողովրդի` ռումինացի ժողովրդի շրջանակներում, ում մենք հավերժապես սերնդեսերունդ երախտապարտ ենք լինելու և խնդրում ենք ռումինական քաղաքական դասի ներկայացուցիչներին ըմբռնել Ցեղասպանության ծանրությունը և ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված ծայրահեղ վայրագությունները, որոնք պատվիրվել, նախագծվել և իրականացվել էին Օսմանյան կայսրության վարչակազմի կողմից որակվեն որպես ցեղասպանություն: Կարծում ենք, որ Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը ճիշտ, արժանի և անհրաժեշտ գործողություն է: Կարծում ենք, որ պատմության ցանկացած ողբերգական իրադարձության միաձայն ճանաչումը հենց այն սանդուղքն է, որն արժե բարձրանալ և այն բնական ճանապարհն է, որով յուրաքանչյուրիս մարդկությունը կարող է պաշտպանել մեզ վայրագություններից:

Վարուժան Ոսկանյան

Վարուժան Փամբուկչյան

Սիմիոն Լուչիամ»:

 

Լրահոս

Դիտել ավելին