Կարևոր իրադարձություններ

Հայ գիտնականի ղեկավարած գիտախումբը նշանակալի բացահայտում է կատարել օրգանների 3D տպագրության ոլորտում

03 Մայիս, 2019 23:05
Հայ գիտնականի ղեկավարած գիտախումբը նշանակալի բացահայտում է կատարել օրգանների 3D տպագրության ոլորտում

ԱՄՆ Հյուսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ հապալասից ստացվող սննդային գունանյութը կարող է նշանակալի դերակատարություն ունենալ կենսաբանական բարդ հյուսվածքների` արյունատար անոթների և թոքային ալվեոլների եռաչափ տպագրության գործում:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, համալսարանի շրջանավարտ և գիտաշխատող Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների կատարած հետազոտությանն անդրադարձել է Science գիտական ամսագիրը: 

«Գիտնականները վերլուծել են մի շարք միացությունների հատկություններ, որոնք օգտագործվում են սննդային գունանյութերի արդյունաբերության մեջ: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ դրանցից երեքը լիովին համապատասխանում են դեղին սինթետիկ գունանյութին (E102), դեղին բնական գունանյութին (E100) և կարմրամանուշակագույն գունանյութին (E163), որոնք ստանում են հապալասից», -ասվում է հոդվածում:

Նշվում է, որ գիտնականներն արհեստական արյունատար անոթ են տպել 1 մմ տրամագծով փականով և մի շարք փորձարկումներից հետո բացահայտել են, որ ներկանյութի երեք տեսակն էլ ապահովում են 3D տպագրության թույլատրելի որակը:

«Կենսաչափական տպագրության նպատակն առողջ, գործառական օրգաններ ստեղծելն է, որոնք պիտանի կլինեն փոխպատվաստումների համար: ԱՄՆ-ում ավելի քան 100 000 մարդ սպասում է փոխպատվաստման իր հերթին, իսկ նրանք, որոնց հաջողվում է դոնոր գտնել, ստիպված են ողջ կյանքում իմունային համակարգը պաշտպանող դեղամիջոցներ ընդունել` օրգանի անհամատեղելիությունը կանխելու համար», - ասվում է համալսարանի կայքում հրապարակված հոդվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին