Կարևոր իրադարձություններ

Արցախի բնակչության 95%-ը չի ընդունում գործող իշխանություններին, և եթե ցանկանա փոխել իշխանությանը, փոխելու է. Սամվել Բաբայան

03 Մայիս, 2019 18:10
Արցախի բնակչության 95%-ը չի ընդունում գործող իշխանություններին, և եթե ցանկանա փոխել իշխանությանը, փոխելու է. Սամվել Բաբայան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Իգլայի» մասով գործն «Էն գլխից է սարքված եղել»: 

«Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է, այլ ոչ թե զենք, այդքան բան: Ուղղակի եթե փոխեն ու գրեն զենքի մասնիկ, չեն կարող գործ հարուցել: Դատական նիստին դա էի ես ուզում շեշտել, որ էն գլխից խաբում են, Դատախազությունը կեղծում է, որ ձևակերպումն այնպես է արված, թե դա զենք է»,- ասաց Սամվել Բաբայանը:

Դիտարկմանը, որ «Իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հայտարարություն արեց, թե ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն ու ԱԱԾ մի քանի աշխատակիցներ իրեն ասել են՝ Բաբայանի դեմ ցուցմունք տուր, որ երկիր ասես կուղարկենք քեզ, և հարցին նա տեղյակ եղե՞լ է, որ նման կերպ են ցուցմունքներ կորզում, նա ասաց, որ տեղյակ չէ, և չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել դա:

Սամվել Բաբայանը նաև անդրադարձավ իր քաղաքացիության հարցին։ 
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ցանկանում էր առաջադրվել 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններին: Ըստ Արցախի Սահմանադրության 47-րդ հոդվածի, թեկնածուն պետք է վերջին 10 տարին փաստացի բնակված լինի Արցախում, սակայն, քանի որ Սամվել Բաբայանն այդ շրջանում Արցախում չի բնակվել, ուստի չէր կարող առաջադրվել: Նա հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսում այդ դրույթը վերացնելու համար: 

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Սամվել Բաբայան ասաց, որ ոչ թե քաղաքացիության հարց է եղել, այլ վերջին տասը տարվա կացության խնդիր: «Հիմա մենք դատի ենք տվել Ոստիկանությանը, և պնդում ենք, որ խնդիր չի եղել: Մայիսի 23-ին Ստեփանակերտում լինելու է դատ, կտեսնենք ինչ պատասխան են տալու»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ ստորագրահավաքը նպատակ ունի փոխել Արցախի Սահմանադրության 47-րդ հոդվածը, որպեսզի Արցախի քաղաքացին նման խնդիրներ չունենա:

«Ես գտնում եմ, որ իմ նկատմամբ այդ 10 տարի կեցության փաստը արձանագրելը քաղաքական է: Երկու–երեք պատգամավոր Հայաստանից տեղափոխվել են Արցախ, թեկնածություն դրել, իրենց չեն ասել՝ ինչո՞ւ այստեղ չես ապրել, գրանցվել, թեկնածություն են դրել: Եթե իմն ասում են, ուրեմն քաղաքական է, չէ՞»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Արցախի այս իշխանություններն այնքան խորն են արմատ գցել, որ դժվար կլինի նրանց հեռացնել, նա ի՞նչ է կարծում, հնարավոր կլինի՞ Արցախում իշխանափոխություն իրականացնել, Բաբայանն ասաց, որ այդ հարցերի պատասխանը կտա ժողովրդի հետ հանդիպումից հետո: «Ամբողջ ժողովրդի հետ, որ ես հանդիպեմ, այդ ստորագրահավաքն էլ կանենք, կհանձնենք, արդեն նոր կխոսենք այդ մասին»,- նշեց նա: 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Արցախում վախի մթնոլորտ կա՞, Բաբայանն ասաց, որ մարդկանց ասում են՝ եթե ինչ-որ մի քայլ անեն, ապա գործից կազատվեն և այլն: «Իհարկե, դա վախի մթնոլորտ է, մարդն իր աշխատանքը կկորցնի, դա ես վախ եմ համարում: Բնական է, որ մարդիկ ամեն գնով ատամներով պետք է բռնած մնան իրենց աշխատանքին, որովհետև այլընտրանք չունեն, բայց ես չեմ գտնում, որ դա իմ գործունեության վրա ազդում է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու չի դիմում իրավապահներին, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Իրավապահներին դիմե՞մ, մի քիչ լրջացեք, ամբողջն իրար հետ են, դիմեմ ի՞նչ անեմ, ինքս ինձ անհարմար վիճակի մեջ դնեմ՞»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ եթե ոստիկանությունն էլ է ենթարկվում  իշխանություններին, եթե քաղաքացիները դուրս գան փողոց՝ պայքարելու իշխանությունների դեմ, ի՞նչ իրավիճակ կստեղծվի՝ հաշվի առնելով, որ պատերազմող երկրի հետ գործ ունենք, Բաբայանը պատասխանեց. «Որևիցե կապ չունի, եթե հասարակությունը ցանկանա փոխել իշխանությանը, փոխելու է, ինչպես Հայաստանում եղավ. հասարակությունը պետք է ցանկանա: Մենք դեռ շփվում ենք հասարակության հետ, փորձում ենք հասկանալ իրենց տեսակետը, ոնց են պատկերացնում: Ղարաբաղի հասարակության այն մասը, որի հետ ես շփվում եմ գործող իշխանությանը չի ընդունում: Փաստ է, որ Ղարաբաղի 95 տոկոս բնակչությունը չի ընդունում գործող իշխանություններին: Բայց վերցնել ու ասել, որ ես պետք է լինեմ, չի կարելի: Դրա համար մենք շփվում ենք, ստորագրահավաք կանենք կերևա»:

 

Լրահոս

Դիտել ավելին