Կարևոր իրադարձություններ

Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը

03 Մայիս, 2019 14:20
Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը

 Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը փակած տաքսու վարորդները բացել են փողոցը, և վերականգնվել է արդեն մի քանի ժամ կաթվածահար եղած երթևեկությունը:Բողոքի երթ կազմակերպած վարորդների հետ հանդիպելու էր եկել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա նշեց, որ տաքսու կայանատեղ թույլ տալը միայն ճանապարհային ոստիկանության գործառույթը չէ: «Եթե դուք դիմում եք, ՃՈ-ն կարճ ժամանակում ուսումնասիրություն է կատարում, և եթե պարզվում է, որ երթևեկությունը չի խոչընդոտվի, ՃՈ-ն համապատասխան գրություն է ուղարկում քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանն ինքը թույլ տա: Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունից հետո, բերվում են նշանները՝ կլինի կանգառ արգելող կամ կայանումն արգելող, կատարվում է տաքսու կայանատեղի գծանշում»,- ասաց նա: 

ՃՈ պետը հավելեց, ակտերի մասով համապատասխան վարույթ կիրականացնեն, ամբողջը կուսումնասիրվի և խնդրին լուծում կտան: Նա հորդորեց դիմում գրել: «Վարույթ կիրականացվի, և եթե խնդիրը միայն ձեր ասած տեղի մասով է, ակտերը կբեկանվեն, իսկ եթե խոսքը հասարակական տրանսպորտի կանգառի մասին է, ակտերը չեն բեկանվի»,-նշեց Կարապետյանը, հավելելով, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, համապատասխան նշաններն ամենաուշը վաղն առավոտյան կտեղադրվեն:

Բանակցություններից հետո վարորդները բացեցին փողոցը:

Մի խումբ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով մայիսի 3-ի առավոտից փակել էին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը: Տաքսու վարորդները պահանջում են իրենց տարածքներ հատկացնել կայանելու համար և բեկանվեն միայն այն ակտերը, որոնք եղել են տրանսպորտային կանգառից դուրս կանգնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին