Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին գործը քննել դռնփակ՝ նշելով, որ կան ռազմական գաղտնիք հանդիսացող տվյալներ

02 Մայիս, 2019 12:52
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին գործը քննել դռնփակ՝ նշելով, որ կան ռազմական գաղտնիք հանդիսացող տվյալներ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը վատառողջ է եւ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նրա խափանման միջոցի հարցով քննությունը սկսելուց հետո հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հղում անելով պաշտպանների դիմումին:

Դատարանը գտավ, որ Մանվել Գրիգորյանի բացակայությունը խոչընդոտ չէ, որպեսզի դատարանն այսօր քննի նրա խափանման միջոցի հարցը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, սակայն, միջնորդեց հետաձգել հարցի քննարկումը՝ հաջորդ նիստին նրա ներկայությունը ապահովելու պատճառով՝ նշելով, որ նա ասելիք ունի հանրությանը։ Մեղադրող դատախազ Դոլմազյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ համակարծիք լինելով նախագահող դատավորի հետ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ կրկին տեղեկացնելով, որ այս հարցը կարող է քննարկվել նաեւ մեղադրյալի բացակայությամբ եւ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։

Այնուհետեւ Գրիգորյանների պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը քննել դռնփակության դատական կարգով։ Ըստ նրա՝ այս գործով պարբերաբար արծարծվում են ռազմական գաղտնիք հանդիսացող ապացույցներ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տվյալներ։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստում գործով ապացույցներ չեն հետազոտվելու եւ դատարանը քննելու է միայն խափանման միջոցների հիմնավոր լինելու եւ չլինելու հարցը։ Դատավորը հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդությանը կանդրադառնա նիստի օր նշանակելու որոշում կայացնելու ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին