Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. վարչապետ

02 Մայիս, 2019 12:47
ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին:

Հարցի զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի, գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու եւ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, ուժը կորցրած ճանաչել նաեւ 12 տարին անընդմեջ թոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստաթղթերի գրանցման համակարգը եւ օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժի մեջ գտնվող լիազորագրերը ավտոմատ կերպով համարել 15 տարի ժամկետով:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:

«Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են ետ գնալ»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն եւ որոնք թոշակ են ստանում: «Պետությանը տասնյակ միլիարդների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկո՞ւմ ենք միջանցքներ թողնել, որ էլի նույնը բանը տեղի ունենա՞»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, թե բացարձակապես չի հասկանում այս տրամաբանությունը:

«Մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Փոխանակ մենք մտածենք՝ ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, հիմա մտածում ենք նոր միջանցք բացենք, որ նորից սկսեն գոյություն ունենալ գոյություն չունեցող թոշակառուները»:

«Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ գնալու», -նշեց վարչապետը:

«Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում էդ համակարգի հետեւից գնալու: Փոխանակ մտածենք՝ ոնց անենք առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ոնց հայտնվենք 2030 թվին հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին, չի կարելի էդպիսի բան անել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա պետք է լինի միայն թվայնացման շրջանակներում, միայն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ որեւէ կետով չպետք է հետ գնանք:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ այս խնդիրը կարելի է լուծել հասարակ հեռախոսային ծրագրերի միջոցով, որը ե՛ւ տեղը ե՛ւ վայրը ե՛ւ հասցեն ե՛ւ նաեւ դեմքը կարող է ճանաչել:

«Պարոն Արշակյանը, կարծում եմ, շատ պարզ ասաց, թե ինչ ծրագրեր կան, որոնք կարող են դեմքը ճանաչել»,- նշեց վարչապետը:

Ներկայացված նախագիծը չընդունվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին