Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքներն Երևան են բերվել

01 Մայիս, 2019 13:51
ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած ASALA-ի հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքներն Երևան են բերվել

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր՝ հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել:

Ինչպես հայտնում են Հայկական ժողովրդային շարժումի գրասենյակից, Գուրգեն Յանիկյանի վերջին հանգստավայրը, բնականաբար, լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է հերոսի խորհրդանշական տապանաքարը:

«Այսպիսով սկիզբ է դրվում, աշխարհի տարբեր երկրներում հայության իրավունքների պաշտպանության համար պայքարած և զոհված ազատամարտիկների մասունքների տեղափոխումը  Մայր Հայաստան:

Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։

Այս առիթով Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի կողմից առաջիկա օրերին հրապարակվելու են լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցվում է նաեւ, որ գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում (Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանն այդ մեծ ցավը սրտում պահեց մինչև 1973 թ. հունվարի 27-ը, երբ 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, սփյուռքացած հայությանը ցույց տալով ազատագրական պայքարի գործնական ուղին, որի հետևանքով հայկական անտեսված դատը վերածվեց իր իրավունքների համար մարտնչող արժանապատիվ պայքարի ելած ժողովրդի պահանջատիրության։

Յանիկյանը իր պատմական քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ Նա 1973թ․-ի հունիս 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո, փետրվարի 27-ին մահացավ հիվանդանոցում։

 

Լրահոս

Դիտել ավելին