Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս չի նորոգվել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը. վարչապետը՝ սպորտի նախարարին

25 Ապրիլ, 2019 14:32
Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս չի նորոգվել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը. վարչապետը՝ սպորտի նախարարին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

«Առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել եմ, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում: Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չենք արել դա»,-հետաքրքրվեց վարչապետը:

Սպորտի, երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: «Հարցը ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է, այլ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում, ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,-ասաց Գաբրիել Ղազարյանը և նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանեն: Նա վստահեցրեց, որ սա իրականում առաջնահերթ հարց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի: «Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը։ Եվ այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին