Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Երեխաների մուտքը մանկատներ կանխելու հարցում պետությունը կհամագործակցի «Բարի մամա» կազմակերպության հետ

25 Ապրիլ, 2019 12:32
Երեխաների մուտքը մանկատներ կանխելու հարցում պետությունը կհամագործակցի «Բարի մամա» կազմակերպության հետ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները եւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն եւ ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը:

«Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր եւ մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով նպաստել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Կանխարգելումը չափազանց կարեւոր է, որովհետեւ մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է»,- այս մասին եռակողմ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ այս հարցում համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ պետությունը եւ հասարակության գերակշիռ մասը կարեւորում են երեխայի՝ ընտանիքում, համայնքում ապրելու իրավունքը, ինչը, սակայն, շատ դեպքերում խոչընդոտվում է մի շարք դժվարություններով, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն համատեղ ջանքերով՝ վերապատրաստումների, կարողությունների զարգացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման միջոցով.

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին: Մեր կողմից ուզում եմ նշել, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, տրամադրվող ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա՝ իր խնդրի հետ առերեսվելիս»,- ասել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ այս գործընթացում կարեւոր է հասարակական կազմակերպությունների եւ անհատների կուտակած փորձը, որի կարող է դառնալ պետական քաղաքականության հիմք:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝  հատկապես մանկատներից.

«Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը եւս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական եւ առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար: Հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ  վերապատրաստելու ենք բուժաշխատողներին, որպեսզի նրանք,  ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձելու ենք լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա վերադառնալ ընտանիք, կացարան ունենան»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարիներին կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխաների հետ: Նախարարներ Բաթոյանի եւ Թորոսյանի կարծիքով, այս թիվը չափազանց տպավորիչ է, իսկ կազմակերպության նման փորձը կարող է դառնալ պետական քաղաքականության լավ հիմք.

«Վերջին 5 տարիներին մեր կազմակերպությունը զբաղվել է երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, ընտանիքներին եւ երեխաներին աջակցելու գործով, սակայն այդ ամենն արվել է բացառապես կամավորական հիմունքներով: Այսօր՝ այս հուշագրի ստորագրմամբ, մենք թղթին ենք հանձնում բազմաթիվ կյանքեր, որ արդեն փոխվել են, եւ շատ երեխաների պատմություններ, ովքեր կարող են եւ պետք է ապրեն ընտանիքներում:  Սա նշանակում է, որ մենք այլեւս միայնակ չենք՝ այս ճանապարհին: Սա նաեւ նշանակում է, որ երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա»,- ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին