Կարևոր իրադարձություններ

Պուտինի այցը ՀՀ վերջ կդնի հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ տարբեր շահարկումներին. Ֆյոդոր Լուկյանով

23 Ապրիլ, 2019 22:44
Պուտինի այցը ՀՀ վերջ կդնի հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ տարբեր շահարկումներին. Ֆյոդոր Լուկյանով

«Վալդայ» միջազգային ակումբի գիտական հարցերով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարևոր է, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ և սերտ գործընկերներ են:

«Վարչապետ Փաշինյանը պարբերաբար լինում է Մոսկվայում: Բնական է, որ Պուտինը պատասխան այց կկատարի: Դա շատ լավ է, քանի որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, իսկապես, ինչ-որ չափով ակտիվացրել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների համատեքստը, օրինակ՝ ՀԱՊԿ-ի դեպքում, ինչպես գիտենք:

Եվ ողջ ընթացքում ինչ-ինչ կասկածներ են արտահայտվում, թե արդյոք այդ հարաբերությունները նույնքան ամուր են, ինչպես նախկինում, թե ոչ», - այս մասին Լուկյանովն ասել է Rusarminfo-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի այցը ցույց կտա, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք վերջիվերջո հայ ժողովրդի գործն են:

Ռուս քաղաքագետը հույս է հայտնել, որ ռուս նախագահի այցը վերջ կդնի տարատեսակ շահարկումներին հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի տարեվերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին