Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ»

23 Ապրիլ, 2019 08:32
Սերժ Սարգսյանի ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը, որ տասը տարի նախագահելուց հետո փորձում էր իշխանավարումը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում (իր օրոք ընդունված Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը վարչապետն է), ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հրաժարական ներկայացրեց: Հրաժարական ներկայացրեց համաժողովրդական ճնշման տակ, ու թեեւ դրանից դեռ մեկ օր առաջ հայտարարեց, որ 7 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի` ակնարկելով նոր մարտի 1-ով, արդեն ապրիլի 23-ին խոստովանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ս. Սարգսյանի հրաժարականի օրը Հայաստանում իսկական տոնախմբություն էր. ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ պարզապես ցնծում էին իրենց հաղթանակով: Իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: Երեկ նա ՀՀԿ-ում ներկա է գտնվել կուսակցությանը նոր անդամագրվածների հետ հանդիպմանը: Թեեւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ չի տվել, բայց որոշ ակնարկներ արել է: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա: Այնուամենայնիվ, եթե փորձենք հակիրճ ամփոփել ՀՀ-ում իշխանափոխության այս մեկ տարին, պետք է արձանագրենք՝ ամենակարեւոր ձեռքբերումը ՀՀ-ում առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչեցին նաեւ պարտված ուժերը: Տնտեսական հեղափոխության մասին ազդարարվել է: Տնտեսական ցուցանիշները կարծես դրականի մասին են խոսում: Իշխանությունները որդեգրել են պետական պարտքը հետեւողականորեն նվազեցնելու քաղաքականություն. այժմ այն 6 մլրդ 934 մլն դոլար է, մինչդեռ Ս.Սարգսյանի օրոք մոտեցել էր 7 մլրդի սահմանագծին, ավելին՝ նախատեսված էր, որ 2018թ. տարեվերջին այն կանցնի 7 մլրդը, պարզապես իշխանափոխությունից հետո տեմպերն այլ եղան: Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը եւս նվազել են, ավելին՝ 2018թ. ներգաղթ է արձանագրվել. 21 հազարով ավելի շատ մարդ է ժամանել ՀՀ, մինչդեռ 2017թ. ՀՀ-ից հեռացել էր 26.9 հազար քաղաքացի, 2016թ.՝ 43 հազար քաղաքացի: Այս ընթացքում 18.8 մլրդ դրամով ավելացել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. 2017թ. 74.6 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018թ.՝ ավելի քան 93 մլրդ դրամի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին