Կարևոր իրադարձություններ

Փոխհատուցում կստանան այն անձինք, որոնք 2008-ի մարտի 1-ից հետո հաշվառվել են որպես մարմնական վնասվածք ստացածներ

22 Ապրիլ, 2019 14:50
Փոխհատուցում կստանան այն անձինք, որոնք 2008-ի մարտի 1-ից հետո հաշվառվել են որպես մարմնական վնասվածք ստացածներ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկանք է տրամադրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Ըստ տրամադրված տեղեկանքի՝  2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 63 քաղաքացիներ։

Այս մասին այսօր ԱԺ-ում «2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններին տուժած անձնաց աջակցության տրամադրման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Լենա Նազարյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին։

Գորգիսյանը հարցրեց, թե ինչպե՞ս է որոշվելու՝ ո՞վ է մարմնական վնասվածքներ ստացել, եւ ի՞նչ ընթացակարգով է անձը դիմելու փոխհատուցման համար։

 Նազարյանը պատասխանեց, որ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած և  հաշվառված այդ 63 անձանցից մյուսները, որոնք գուցե ևս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։

Իսկ փոխհատուցում ստանալու են հաշվառված այդ անձինք, եւ զոհված կամ սպանված քաղաքացիների իրավահաջորդները։

Գորգիսյանը հարց ուղղեց՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, գումարի չափ լինելու՞ է, թե՞ ոչ։

Նազարյանը պատասխանեց, որ կառավարությոնը վաղվանից սկսելու է աջակցության ձեւի, չափի եւ ընթացակարգի մասին քննարկումները։ Իսկ աջակցությունը միայն ֆինանսական չի լինելու։

Այսպիսով, այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանության օրոք չեն հաշվառվել որպես մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացածներ, նրանք չեն կարողանա օգտնվել այս նախագծով սահմանվող աջակցությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին