Շրի Լանկայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում այն պնդման վերաբերյալ, որ երկրի հետախուզությունը տասը օր առաջ իմացել է Սուրբ Զատկի օրն արյունալի պայթյուննելի շարքի ծրագրման մասին, սակայն տեղեկությունը չի փոխանցել ոստիկանությանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ եկեղեցիներում և հյուրանոցներում որոտացած 9 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Ահաբեկիչների թիրախում են եղել Սուրբ Հարության տոնը նշող քրիստոնյաները:
Ինչ վերաբերում է հետախուզության տեղեկացված լինելու պնդմանը, ապա նշվում է, որ երկու նախարար համապատասխան հայտարարություններով է հանդես եկել Twitter-ում:
Հեռահաղորդակցության հարցերով նախարար Հարին Ֆերնանդոն գրել է. «Հետախուզության ծառայության որոշ աշխատակիցներ տեղյակ են եղել սրա մասին: Այնուհանդերձ՝ նրանք հապաղել են գործել: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել հասկանալու համար՝ ինչու են նրանք անտեսել դա»:
Դրան կից նա հրապարակել է ապրիլի 11-ին թվագրվող փաստաթղթերի լուսանկարներ, որոնցում ներկայացված է ծրագրված հարձակումների պլանը:
Ազգային ինտեգրման հարցերով նախարար Մանո Գանեշանը հավելել է, որ իր ղեկավարած նախարարության անվտանգության ուժերը նախապես տեղեկացված են եղել մահապարտների կողմից քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների հավանականության մասին:
Հայտնի է, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորներն ավելի քան 500-ն են:
USA Today-ի փոխանցմամբ՝ ահաբեկչություններն իրականացվել են Շրի Լանկայում գործող National Thowfeek Jamaath գրոհայինների խմբի կողմից: Բոլոր պայթյուններն իրականացրել են Շրի Լանկայի քաղաքացի հանդիսացող մահապարտներ, սակայն իշխանությունները չեն բացառում նաև օտարերկրյա կապերի առկայությունը:
Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ: