Կարևոր իրադարձություններ

Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ.Ալեն Սիմոնյան

22 Ապրիլ, 2019 12:37
Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ.Ալեն Սիմոնյան

 Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար հատկացված գումարին՝ նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե ինչի վրա է ծախսվելու այդ 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված: 

«Համենայնդեպս, ինձ համար այսօր կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին եւ ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ եւ պետք էր պահել: Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչեւ ավելի լավ ու կարեւոր իրադարձություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները, որից մի քանի ժամ անց Փաշինյանն ու իրենց մյուս գործընկերները ձերբակալվեցին:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, թե այդ գումարը կարելի էր ծախսել սոցիալական տարբեր ուղղություններով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարեւոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու դերի բարձրացման մասին է եւ նա է որոշելու այսուհետ Հայաստանի ամեն ինչը: Այդ օրը չնշելը սխալ կլիներ:

Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի բարձրացնելու եւ այդ երեւույթն էլ ավելի զարգացնելու մասին, որը Հայաստանը բերելու է ավելի մեծ հաղթանակների»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին