Կարևոր իրադարձություններ

Աստված, անտարբեր մի թող մարդկանց, մեզ դարձրու կամուրջների և ոչ թե պատերի շինարարներ

21 Ապրիլ, 2019 18:28
Աստված, անտարբեր մի թող մարդկանց, մեզ դարձրու կամուրջների և ոչ թե պատերի շինարարներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնին նվիրված ավանդական կիրակնօրյա ուղերձ է հղել՝ հույս հայտնելով, որ խաղաղություն կհաստատվի Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում, աֆրիկյան երկրներում, ինչպես նաև կմեղմանան վենեսուելացի ժողովրդի տանջանքներն ու կկարգավորվի Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, սրբազան քահանայապետը հավատացյալներին է դիմել գլխավոր կաթոլիկ տաճարի՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի պատշգամբից:

«Քրիստոսն ապրում է և մնում է մեզ հետ, և դա ցույց է տալիս նրա Հարության լույսը, որը մեզ չի թողնում փորձությունների առաջ դեմ հանդիման: Թող դա հույս լինի սիրիացի ժողովրդի համար, որը ձգձգված հակամարտության զոհ է դարձել: Զատիկին հայացքներն ուղղված են դեպի Մերձավոր Արևելք, որտեղ պահպանվում են անհամաձայնությունները: Հատուկ աղոթք Եմենի ժողովրդի համար, հատկապես երեխաների, որոնք տառապում են սովից ու պատերազմից», - ասել է Հռոմի պապը:

Նա ցանկություն է հայտնել, որ այս Զատիկին հաշտություն գտնեն Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչները: «Թող ուրախությունը լցնի այն մարդկանց սրտերը, որոնք ամերիկյան մայրցամաքում տանջվում են ծանր տնտեսական հետևանքներից և քաղաքական պայմաններից», - շեշտել է Ֆրանցիսկոս պապը:

«Այդքան տառապանքների առաջ, Աստված, անտարբեր մի թող մարդկանց: Մեզ դարձրու կամուրջների և ոչ թե պատերի շինարարներ, թույլ տուր մեզ բացել մեր սրտերը առավել կարիքավորների, թույլերի, աղքատների, գործազուրկների, փախստականների և նրանց առաջ, ովքեր ծեծում են մեր դռները՝ հաց և կացարան խնդրելով»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին