Կարևոր իրադարձություններ

Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի

20 Ապրիլ, 2019 15:05
Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի

«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից  ներկայացված  հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով, որի շրջանակում հիշատակվում են Հովիկ Աբրահամյանի, Ջոնիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի անունները, կան մեղադրյալներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանը 2018 թվականի օգոստոսին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, որ 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել:  2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում ներգրավելով նաեւ վարկային միջոցներ՝ կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր, սակայն իր բիզնեսը հետագայում իր ձեռքից խլել են։ Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել էին Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների եւ Ալիկ Սարգսյանի անունները։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՔԾ՝ ճշտելու՝ հարցաքննվե՞լ են արդյոք Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանները եւ Ալիկ Սարգսյանը, եւ դատավարական ի՞նչ կարգավիճակ ունի նրանցից յուրաքանչյուրը։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք հաստատվել է ընկերության տնօրենից առերեւույթ հափշտակության հանգամանքը, եւ եթե այո, ապա պարզվե՞լ են Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանների եւ Ալիկ Սարգսյանի առնչությունները նշված դեպքին։ Խնդրել էինք նշել նաեւ, թե բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ խոչընդոտներ են ստեղծել տնօրենի համար, եւ արդյոք կան դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձինք։ Լինելու դեպքում խնդրել էինք նշել նրանց թիվը։

ՀՔԾ-ից ստացված պատասխանում ասվում է միայն, որ նշված քրեական գործով կան 
մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, սակայն այլ մանրամասներ չեն կարող հայտնել` նկատի ունենալով, որ դրանք պարունակում են նախաքննական տվյալներ։

Փաստորեն,  մեղադրյալների թիվն անգամ ու առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների տեսքով ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիք։ Թեեւ 6-7 ամիս առաջ նախաքննական գաղտնիք չի համարվել նշված քրեական գործով Հովիկ Աբրահամյանին մեղադրանքի առաջադրումը, ինչը պաշտոնապես հաստատել էր ՀՔԾ մամուլի քարտուղարը՝ նշելով, որ հիշյալ գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։  Այսօր արդեն մեղադրյալները մի քանիսն են, իսկ թիվը՝ գաղտնի։

Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտենի հայտնել էր, որ Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը եւ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել էին ձևակերպել երկու տարբեր անձանց անուններով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ՝ 29.08.2018 թ.-ին Քննչական կոմիտեում որոշում էր կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։

 

Լրահոս

Դիտել ավելին