Կարևոր իրադարձություններ

Թիմի աշխատանքից լիարժեք գոհ չեմ, իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

20 Ապրիլ, 2019 00:09
Թիմի աշխատանքից լիարժեք գոհ չեմ, իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ աշխատում են եւ այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերի հարցին, թե մինչեւ ե՞րբ է շարունակելու աշխատել բոլորի փոխարեն։

 

«Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, երեւի չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, եւ գուցե ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երևում։ Տեսեք, ես չեմ հայտարարում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ։ Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետեւ մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչի արդյունքում ուրիշների աշխատանքը չի երեւում»,- ասաց նա։ 

Վարչապետը նաեւ նշեց, որ ինքն աշխատում է բացառապես իր փոխարեն, բայց փաստ է այն, որ ինքը պետք է շատ աշխատի։ Նրա կարծիքով՝ անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը հարմար չէ։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր թիմի բոլոր անդամների աշխատանքից լիարժեք գոհ է, Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ո՛չ, բայց ցանկանում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ։ Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել։

Բայց այդ ուրիշները՝ իմ թիմակիցները, շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, շատ հաճախ զուտ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով: Ես գիտեմ, թե ինչու են քաղաքական որոշ շրջանակներ թիրախավորում իմ թիմին, այլ ոչ թե ինձ»։  

Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ինքը, ինչպես հայտնի է, ժողովրդի մոտ վստահություն ունի, իսկ քննադատությունը հակառակ ազդեցություն է թողնում, դրա համար քննադատում են իր թիմի անդամներին, որպեսզի թուլացնեն կառավարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին