Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

19 Ապրիլ, 2019 19:35
ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Ինչպես ասվում է դատարանի կայքում, գործը վերաբերում է 1991-ից 1998թթ․-ներին Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ 2008թ․-ի բողոքի ցույցերի ցրումից հետո կապված հավաքների իր ազատության միջամտությանը, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասին և տնային կալանքի տակ նրան դնելուն։

Գործի հանգամանքներում նշվում է, որ Տեր-Պետրոսյանը 2008թ․-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն էր։ Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ենթադրյալ ընտրախախտումների դեմ սկսվեցին բողոքի ակցիաներ մասնավորապես Ազատության հրապարակում։ Հանրահավաքները երբեմն գրավում էր տասնյակ հազարավոր մարդկանց:

Դիմումատուն ՄԻԵԴ-ում պնդում է, որ 2008 թ. մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, շրջափակել ցուցարարներին և, առանց որևէ նախազգուշացման, հարձակվել նրանց վրա ու բռնությամբ ծեծել: Ցուցարարները արագորեն դուրս են եկել հրապարակից, Տեր-Պետրոսյանին նույնպես ասվել է հեռանալ, բայց նա հրաժարվել է, որից հետո նրան ստիպողաբար նստեցրել են մեքենա ու տեղափոխել իր տուն՝ թույլ չտալով հեռանալ տանից։

Ասվում է, որ ոչ ոք չէր կարող Տեր-Պետրոսյանի բնակարան մուտք ու ելք կատարել՝  առանց հատուկ ուժերի թույլտվության: Նշվում է, որ հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքով մինչև ուշ գիշեր, որի արդյունքում տեղի է ունեցել բախում ցուցարարների և իրավապահների միջև, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել, եղել են բազմաթիվ վիրավորներ և արտակարգ դրություն է հայտարարվել Հայաստանի նախագահի կողմից:

Ասվում է, որ կառավարությունը վիճարկում է այս մեղադրանքները: Մասնավորապես, նշում, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել ոստիկանական ուժերը և Տեր-Պետրոսյանը կամավոր է ոստիկանության մեքենա նստել: Այնուհետ նա տեղափոխվել է իր տուն և այլևս որևէ տեղ գնալու ցանկություն չի հայտնել: Ոստիկանության աշխատակիցները գտնվել են նրա տան մոտ՝ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, ինչպես պետական պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց համար: Ոստիկանության աշխատակիցները ոչ մեկի չեն արգելել մտնել Տեր-Պետրոսյանի տուն, ոչ էլ արգելել են Տեր-Պետրոսյանին դուրս գալ: Նշվում է, որ մի անգամ Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել տանից դուրս գալ, բայց դա  չի արել, երբ նրան ասվել է, որ անվտանգության աշխատակիցները չեն ուղեկցի:

2008 թ. մարտի 4-ին Տեր-Պետրոսյանի իրավական ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` ներկայացնելով, որ դիմումատուն փաստացի տնային կալանքի տակ է: Դիմումատուն պնդում է, որ իրեն թույլատրվել է 2008 թ. մարտի 5-ին մասնակցել դատական լսմանը մեկ ժամ, բայց իր տնային կալանքն առանց ընդհատումների տևել է մինչև 2008 թ. մարտի 20-ը:

Կառավարությունը հերքում է դիմումատուի ներկայացրած փաստերը, մասնավորապես նշում, որ դատական լսումից հետո Տեր-Պետրոսյանը խնդրել է իրեն տուն տանել ու այլևս չի ցանկացել լքել տունը՝ մինչև մարտի 20-ին արտակարգ դրության վերացումը։

2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի դիմումը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք), 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի (շարժման ազատություն), 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) վրա՝ Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից իրեն բռնի կերպով են հեռացրել ու դրել տնային կալանքի տակ ու նա չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ իր քաղաքական կարծիքի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին