Կարևոր իրադարձություններ

«Արցախի իշխանությունները մտածում են, որ եթե մասնակցեմ ընտրություններին, կարող է լուրջ մրցակցություն լինի»

19 Ապրիլ, 2019 12:14
«Արցախի իշխանությունները մտածում են, որ եթե մասնակցեմ ընտրություններին, կարող է լուրջ մրցակցություն լինի»

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին, ինչպես նաև այդ ընտրություններին իր մասնակցությանը:

«Հասարակության հետ դեռ հանդիպումներ եմ ունենում, փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ ինչքանով են ընդունում, ինչքանով՝ չեն ընդունում, դրանից հետո ստորագրահավաք է լինելու, պարզելու ենք հնարավորությունը՝ մասնակցելու եմ, թե ոչ», - ասաց Սամվել Բաբայանը:

Նա ճիշտ չհամարեց այս պահին խոսել մրցակիցների մասին։

«Մեկ տարի դեռ կա, այնքան բան կարող է փոխվել», - ասաց Բաբայանը։

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ նաև Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, թե ինքը քաղաքացիության խնդիր ունի և չի կարող մասնակցել ընտրություններին.

«2007 թվականին, երբ ՀՀ-ում մասնակցել եմ ընտրություններին, 5 տարվա կացություն չեմ ունեցել, այդ դեպքում Հայաստանն էլ պետք է ինձ արգելեր։ Մենք մի երկիր ենք, և փորձում ենք այդ մարդկանց հասկացնել, որ օրենքը ընտրողաբար մի կիրառեք, բոլորի համար հավասար պահեք։ Արցախի այսօրվա ղեկավար Բակո Սահակյանը եկել է 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվականին ոնց է դարձել Արցախի նախագահ՝ 10 տարվա քաղաքացիություն կա՞։ Ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել, թուղթ է տարել դրա համար։ Դուք էլ գիտեք, ես էլ ժամանակ առ ժամանակ գնում էի Ղարաբաղ, գալիս էի»։

Ըստ Սամվել Բաբայանի՝ իշխանություններն այդ ամեն անում են, որովհետև մտածում են, թե իր մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի և ինքը հաջողություն ունենա։

«Եթե Ղարաբաղից գալիս ենք Երևանում մասնակցում ենք ընտրություններն, ոչ ոք մեզ չի ասում՝ դու քաղաքացի չես, ապա հարց է ծագում, ինչո՞ւ այստեղից գնացողին պետք է ասեն դու քաղաքացի չես։ Այնպես որ, գնալու ենք, այդ բոլոր բարիերները անցնելու ենք», - ասաց Սամվել Բաբայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին