Կարևոր իրադարձություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

18 Ապրիլ, 2019 21:24
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն այսօր՝ ապրիլի 18-ին առաջին անգամ նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։

Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնել է այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով եւ Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին եւ ժողովրդին։

Ժողովի ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը կարեւորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՖՄԿ-ի միջեւ համագործակցության խթանումը՝ վստահեցնելով, որ Խմբում նախագահող Հայաստանի պատվիրակությունը կաշխատի երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Նա նաեւ ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ Ֆրանկոֆոն խմբի կողմից հարգանքի տուրքի միջոցառումը Շառլ Ազնավուրին 2019թ․ ընթացքում, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՖՄԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության համատեղ միջոցառումը՝ «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ, 2020թ․-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին