Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» ԱԱԾ-ին ու ոստիկանությանը կկանչի ԱԺ

18 Ապրիլ, 2019 21:07
«Իմ քայլը» ԱԱԾ-ին ու ոստիկանությանը կկանչի ԱԺ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում սկսում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Համապատասխան նախագիծը խորհրդարանի դատին կներկայացնեն ինքը և ևս մի քանի պատգամավորներ։
 
«Մեր նախաձեռնության նպատակը, այլ հարցերի հետ մեկտեղ, լինելու է կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին կառավարության հետ հարցուպատասխանին հրավիրելը։ Այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է որպես գրեթե անհնար, կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում ենք, իրականությանը չի համապատասխանում։ Եվ ուրեմն, չնայած ԱԱԾ տնօրենին, ՊԵԿ-ին, ոստիկանությանը Ազգային ժողովին հաշվետու դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործընկերներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատելու մեր առաջարկը համարվեց անիրատեսական։ Այդ իսկ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը», - հայտարարեց Մակունցը։
 
Նկատենք, որ երեկ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առաջարկել էր նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանությանը խորհրդարան հրավիրելու և նրանց հարցեր ուղղելու համար։ Սակայն «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը պատասխանել էր, որ դա անիրագործելի է։
 

Լրահոս

Դիտել ավելին