Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ Արմենիայի» հեղափոխական կրճատումները. ովքե՞ր կհատուցեն գազի թանկացման համար. «168 ժամ»

18 Ապրիլ, 2019 09:03
«Գազպրոմ Արմենիայի» հեղափոխական կրճատումները. ովքե՞ր կհատուցեն գազի թանկացման համար. «168 ժամ»

«Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացումից շուրջ չորս ամիս է անցել, սակայն այդպես էլ առայժմ հստակություն չի մտնում այն հարցում, թե, ի վերջո, ինչպես է փոխհատուցվելու գնի բարձրացման բեռը։ Այն, որ ներքին սակագինը մնացել է նույնը, դեռ չի նշանակում, թե հարցը լուծված է։ Հայաստանը շարունակում է պարտք կուտակել ներմուծված գազի դիմաց։ Այդ պարտքն արդեն հասնում է շուրջ 10 մլն դոլարի։

Կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցությունները շատ երկար են ձգվում։ Այդ ընթացքում թեև բազմիցս հայտարարվել է, որ ներմուծման գնի բարձրացման ֆինանսական բեռը կրելու է գազամատակարար ընկերությունը` սեփական խնայողությունների հաշվին, այնուհանդերձ, խնդրի լուծումն առայժմ բաց է մնում։

Ավելին՝ դրա հետ կապված նոր հարցեր են առաջանում. եթե թանկացման ֆինանսական բեռը հնարավոր էր փակել ներքին խնայողությունների հաշին, ինչո՞ւ է ներմուծման ավելի ցածր գնի պայմաններում կիրառվել բարձր սակագին, և ովքե՞ր են մեղավոր ընկերության ծախսերը ժամանակին ուռճացված ներկայացնելու մեջ։

Հայտնի է, որ գազամատակարարման սակագները` ընկերության առաջարկությամբ և հիմնավորումներով, հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մինչ այդ, Հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչությունն ուսումնասիրում է ներկայացված հայտի հիմնավորվածությունը։

Նշենք, որ այդ վարչությունը բավական երկար ժամանակ գլխավորել է Գարեգին Բաղրամյանը, ով էներգետիկայի նախարարի պաշտոնը կարճ ժամանակ զբաղեցնելուց հետո` պատրաստվում է հիմա էլ տեղափոխվել հանձնաժողովի նախագահի թափուր աթոռին։ Կառավարության ղեկավարն արդեն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել նրա թեկնածությունը։

Որևէ կասկած չկա, որ պատգամավորները` առանց խորամուխ լինելու երևույթի մեջ, թեկնածությունը կհաստատեն։ Իսկ եթե հանկարծ ստացվի այնպես, որ գազամատակարար ընկերությունում իսկապես եղել են խնայողության հնարավորություններ, որոնք ժամանակին Գարեգին Բաղրամյանի ղեկավարած վարչությունը թերացել է բացահայտել, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար։ Այս հարցը բաց է մնում։

Փաստն այն է, որ գազի ներքին սակագները կապված են ոչ միայն ներմուծման գնի, այլև՝ ընկերության պահպանման ծախսերի հետ։ Մեկ անգամ չէ, որ հանձնաժողովը հավաստիացրել է ընկերության ծախսերն ավելի ներքև իջեցնելու անհնարինության մասին։ Եթե հիմա պարզվի, որ իրականում նման հնարավորություններ եղել են, և մատակարար ընկերությունը թաքցրել է, իսկ Հանձնաժողովի աշխատակազմը թերացել է բացահայտել դրանք, ապա պատասխանատուները պատժվելու են՝ արդյո՞ք սպառողներին լուրջ վնասներ հասցնելու համար։

Որ գազամատակարար ընկերությունում այս պահին որոշակի պրոցեսներ են ընթանում ծախսերը կրճատելու ուղղությամբ, կարծես հաստատվում են։ Դրա վկայությունն է նաև ընկերության վերջին հայտարարությունը. «Առաքվող բնական գազի գինի փոփոխությամբ պայմանավորված` ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում` դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»։

Թեև «Գազպրոմ Արմենիան» առայժմ խուսափում է ուղղակիորեն ասել, այնուհանդերձ ընկերության աշխատողները՝ ոչ պաշտոնապես, բայց արդեն ծանուցվել են սպասվող կրճատումների վերաբերյալ։ Տարբեր տեղեկություններով՝ խոսքն ընդհուպ մինչև 1000-1500 հաստիքների կրճատման մասին է։

Այլ հարց է, որ այդքան մարդու սպառնում է գործազրկության իրական վտանգը, և վաղը նրանք կարող են հայտնվել փողոցում` համալրելով այն 230 հազար քաղաքացիների շարքերը, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել, կա ևս մեկ ոչ պակաս կարևոր խնդիր. ինչպե՞ս է ստացվել, որ մինչև այժմ հանձնաժողովն աչք է փակել ընկերության ուռճացված աշխատակազմի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին