Կարևոր իրադարձություններ

Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին

18 Ապրիլ, 2019 11:56
Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին

Վերաբերմունքը Ազգային ժողովի նկատմամբ չափազանց հարգալից եւ ինստիտուցիոնալ է, սակայն իմ խոսքը ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի սկզբում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահանջով այսօր քվեարկության դրվեց, բայց չանցավ այն նախագիծը, որով առաջարկվում էր վերանայել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնավարումը ֆինանսների նախարարի պաշտոնում։

Խմբակցության այս դիրքորոշումը ներկայացնելիս դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում էր, որ նախարարն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱԺ հանդեպ, կոմպետենտ չէ և այլն։

«Ես կուզենայի, որ հստակ եւ մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի: Հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք, թե որպես ամբողջական ԱԺ, թե խմբակցություն, թե որպես առանձին վերցրած պատգամավոր, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ է: Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է»,-ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ հարցի քննարկմանն ինքը չի մասնակցել ԱԺ-ում, ինչը մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք, Ջանջուղազյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը որեւէ մասնակցություն չի նախատեսում:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ԱԺ-ի եւ պատգամավորների հանդեպ հարգանքը չունի այլընտրանք. «Կարծում եմ, նման դեպքերի համար պետք է մշակել որոշակի վարքագծային կանոններ: Եթե դա շատ կարեւոր է, մենք կարող ենք քննարկել բոլոր քվեարկությունների ժամանակ կառավարության ներկայացուցիչների ներկայության հարցը:

Բայց կարող են բարդություններ առաջանալ, որովհետեւ տասնյակ օրենքներ ու նախագծեր են քվեարկվում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կարելի է այդ հարցը ԱԺ-ի հետ աշխատանքային մակարդակով լուծել, ընդհանուր հայտարարի գալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին