Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն չընդունեց ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու հարցը

18 Ապրիլ, 2019 11:02
ԱԺ-ն չընդունեց ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու հարցը

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկման առաջարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Առաջարկն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հնչեցրել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանին դուր չէր եկել իրենց խմբակցության անդամների տրված հարցերին նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանելու ոճը:

«Լուսավոր Հայաստան»-ը որոշել է հիմնվելով ՀՀ Սահմանադրությամբ ու կանոնակարգ օրենքով մեզ տրված լիազորություններով առաջարկում եմ ընդունել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկման առաջարկելու մասին ԱԺ որոշում: Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրում խորհրդարանի հետ չի կարելի այդպես վարվել»,- ասաց Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ առաջարկին:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ ակտիվ մասնակցել է հարցապնդմանը, և քննարկումը ցույց տվեց, որ մենք մեր պարզ հարցերի պատասխանները չստացանք: Մենք կողմ ենք քվեարկում այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց դեմ են քվեարկելու:

«Նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավական չէ, որ կողմ քվեարկենք այս առաջարկին, այդ պատճառով «Իմ քայլը» դեմ է քվեարկելու»,- ասաց Մակունցը:

Առաջարկը չընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին