Կարևոր իրադարձություններ

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

18 Ապրիլ, 2019 10:34
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Սանիթեք» ընկերությունը քաղաքապետարանին կոչ է անում լինել օբյեկտիվ և բացի տուգանքելու մասին հաղորդագրությունից, հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա:

«Ավելին,  նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում։

Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից: «Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպսատ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընկերության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են. Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը` փոխադարձ համաձայանությունն է»,-ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունը ևս մեկ անգամ խնդրում է իր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյետիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։

««Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին