Կարևոր իրադարձություններ

Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի. «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել.«Հրապարակ»

18 Ապրիլ, 2019 09:30
Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի. «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել.«Հրապարակ»

«Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարևոր» հարցեր:

Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։ «Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց, օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»: Սակայն իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր ունեցել պահանջելու` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։

Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։ Ավելին` տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի շտկել թույլ տված բացթողումը: 

Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի: 3 ժամ տևած հավաքի ընթացքում խոսվել է նաև հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել: Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաև ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետև երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»,-գրում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին