2018 թվականի զբոսաշրջության տարեկան ցուցանիշը 2017-թվի համեմատ 10.5 տոկոսով աճել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները կհրապարակվեն ապրիլի վերջին: Նրա խոսքով՝ զբոսաշրջության աճը պայմանավորված է լավ ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, արդյունավետ համագործակցությամբ, նաև մասնավոր հատվածի ջանքերով:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Հայկական Ժամանակ»-ին ներկայացրած վիճակագրության համաձայն` 2017 հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 3.398.143 (աճը նախորդ տարվա համեմատ (2.867.008) կազմել է 18.5%), որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․494․779, կամ 2016թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 18․7%-ով:
Ապրեսյանը հավաստիացրեց, որ նման աճի ցուցանիշը խոսում է զբոսաշրջիկների` Հայաստանից գոհունակությամբ հեռանալու մասին:
«1 գոհ զբոսաշրջիկ նշանակում է, որ նրա տասնյակ բարեկամներ ու ընկերներ լավ պատկերացումներ ունեն քո երկրի մասին և ըստ այդմ` այդ գոհ զբոսաշրջիկը էլի ցանկություն կունենա Հայաստան այցելել և ինչու չէ խորհուրդ կտա իր ընկերներին: Այդպես երկիրը գովազդվում է` ավելացնելով զբոսաշրջիկների այցելությունների թիվը»-ասաց Ապրեսյանը:
Վերջինիս բնորոշմաբ՝ նույն կերպ, եթե ունենք 1 դժգոհ զբոսաշրջիկ, նշանակում է` առկա է 100-ավոր զբոսաշրջիկների այցելության նվազում: «Մեր պարագայում մեզանից գոհ են հեռանում զբոսաշրջիկները, քանի որ հայերը հայտնի են լեգենդար հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Այստեղ զբոսաշրջիկները իրենց զգում են տանը:
Մեր հարցին, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է նկատվում զբոսաշրջության մեծ աճ, Ապրեսյանը պատասխանեց. «Զբոսաշրջության աճը նկատվում է հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Արևելյան երկրներից: Այս տարի աճի նվազում ունենք Վրաստանից և Իրանից, թեև նրանք թվային առումով միշտ գտնվել են վերին հորիզոնականներում: Այս տարի նկատելի աճ է գրանցվել Չինաստանից և Ճապոնիայից, իսկ Եվրոպան և ՌԴ-ն ստատիկ գտնվում են առաջին հորիզոնականներում»:
Նշենք, որ ՌԴ-ից միայն 2015 թ.-ին ենք ունեցել զբոսաշրջության աճի նվազում, իսկ մնացած տարիներին ունեցել ենք աճ: Ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների` ներկայացնում ենք 2018 թվականին վերոհիշյալ երկրների Հայաստան այցելությունների աճի ցուցանիշը.
Երկիրը | 2018 թվական | 2017 թվական | Աճը 2017 թվականի համմատ % |
Ռուսաստան | 684013 | 584561 | 17 |
Վրաստան | 314341 | 319902 | -1.74 |
Իրան | 160645 | 220147 | -27.0 |
ԱՄՆ | 53744 | 44587 | 20.5 |
Որկրաինա | 32412 | 29706 | 9.11 |
31213 | 11589 | 169 | |
Գերմանիա | 28655 | 21011 | 36.4 |
Ֆրանսիա | 27651 | 21881 | 26.4 |
Ֆիլիպիններ | 20363 | 22007 | -7.5 |
Լեհաստան | 15397 | 13375 | 15.1 |
Ղազախստան | 12981 | 7500 | 73 |
Արաբական Միացյալ | 11901 | 8299 | 43.4 |
Նիդերլանդներ | 11898 | 9101 | 30.7 |
Լիբանան | 11491 | 9901 | 16 |
Մեծ Բրիտանիա | 10873 | 9005 | 20.7 |
Իտալիա | 10802 | 8014 | 34.8 |
Տաջիկստան | 10649 | 5698 | 86.9 |
Չինաստան | 9189 | 5747 | 59.9 |
Բելառուս | 8656 | 6951 | 24.5 |
Բելգիա | 8223 | 6150 | 33.7 |
Հարավային Կորեա | 6947 | 2554 | 172 |
Իսպանիա | 6922 | 4803 | 44.1 |
Կանադա | 6468 | 4800 | 34.8 |
Իսրայել | 6319 | 5294 | 19.4 |
Ուզբեկստան | 5228 | 4180 | 25.1 |
Ավստրիա | 5202 | 3502 | 48.5 |
Իրաք | 5106 | 4063 | 25.7 |
Շվեյցարիա | 4782 | 3972 | 20.4 |
Հունաստան | 4519 | 3611 | 25.1 |
Շվեյցարիա | 4428 | 3784 | 17.02 |
Ավստրալիա | 4263 | 2956 | 44.2 |
Ճապենիա | 3947 | 3026 | 30.4 |
Չեխիա | 3828 | 3101 | 23.4 |
Սիրիա | 3298 | 3089 | 6.8 |
Դանիա | 2541 | 2197 | 15.7 |
Նորվեգիա | 2222 | 1612 | 37.8 |
Լատվիա | 1871 | 1548 | 20.9 |
Ղրղստան | 1817 | 1140 | 59 |
Սինգապուր | 826 | 377 | 119.1 |
Թաիլանդ | 826 | 610 | 35.4 |
Քուվեյթ | 608 | 493 | 23.33 |
Նոր Զելանդիա | 497 | 268 | 85 |
Հայկական տուրիզմի ֆեդերացիայի նախագահի տեղեկացմամբ` 2013թ.-ին կատարված վերջին վիճակագրական հետազոտությունների համաձայն` ծագումով հայերը կազմում են այցելուների 60-65 տոկոսը, սակայն այսօր նորից հետազոտություն կատարելու դեպքում նշված տոկոսային հարաբերությունը կաճի և էական փոփոխություններ կգրանցվեն: Ինչն էլ զբոսաշրջությունը զարգացնելու հիմնական նպատակն է:
«Այսօր մենք խիստ կարիք ունենք հերթական վիճակագրական ստուգումներ անցկացնելու, վերջին հետազոտությունն անցկացրել ենք 2013-ին, որի արդյունքում գրանցել ենք, որ զբոսաշրջիկների դժգոհությունը հիմնականում կապված է ճանապարհների որակի վատացման, ճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական վահանակներով կահավորելու, մայրուղիների, ինչպես նաև հիմնականում դեպի զբոսաշրջության կենտրոն տանող ճանապարհներում առկա խնդիրնների հետ»- նշեց հայկական տուրիզմի ֆեդերացիայի նախագահը:
Ապրեսյանն ասաց, որ տուրիզմի հայակական ֆեդերացիան ևս պատրաստ է քննարկել ճանապարհների վերանորոգման առաջնահերթության խնդիրը, քանի որ ակտիվ սեզոնն արդեն սկսվում է:
Ապրեսյանը նկատեց, որ Հայաստանում տուրիստական ծառայությունների գները հարմար են զբոսաշրջիկներին, թեև վերջին շրջանում նկատել է, որ օրինակ Տաթևի ճոպանուղու, ինչպես նաև թանգարանների տոմսերի գները բարձրացել են և այս չհիմնավորված թանկացումները կունենան վտանգավոր հետևանքներ:
«Պետք է ոչ թե տուրիստական ծառայությունների քանակը ավելացնեք, այլ փորձենք պահպանել և ավելացնել որակը: Եթե այս հարցին հետևողական չլինենք, ապա կունենանք հիասթափված զբոսաշրջիկներ, ինչը վերականգնելը դժվար կլինի»:
«Հժ»-ն տուրիզմի ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեց, թե զբոսաշրջիկների քանի տոկոսն է օգտվում տուրիստական ծառայություններից:
«Ըստ վերջին փորձագիտական տվյալների՝ կարող ենք ասել, որ զբոսաշրջային այցելուների մոտ 10 տոկոսը կազմակերպվում է զբոսաշրջային օպերատորների կողմից, մնացած 90 տոկոսը անհատական այցելուներ են: Մեծ է անհատական այցելուների քանակը, քանի որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարում այցելուները կարողանում են ինքնուրույն ամրագրել տոմսերը և գալ»:
Մեր հարցին, թե այսօր ինչքանով են զբոսաշրջիկները տեղեկացված Հայաստանի մասին, Ապրեսյանը պատասխանեց. «Գնալով մեծանում է զբոսաշրջիկների տեղեկացվածության աստիճանը, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, ինչը իր գագաթնկետին հասավ թավշյա հեղափոխությունից հետո: Հենց հեղափոխությունը էապես դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն զբոսաշրջության, այլ ընդհանրապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով:
Հարցին, թե ի՞նչ է անում զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը հասանելի զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար միջազգային զբոսաշրջության շուկայում, Ապրեսյանը պատասխանեց, որ կոմիտեի գերագույն խնդիրը հենց հասանելիությունը ապահովելն է.
«Հասանելիության առումով մենք ունենք խնդիրներ, քանի որ համաշխարհային շուկայի հետ կապը բացի Վրաստանի և Իրանի հետ սահմանից, հիմնականում օդային տրանսպորտի միջոցով է և մեզ պակասում է օդային մատչելի փոխադրամիջոցների առկայությունը: Ուղիղ չվերթների բացակայությունը ոչ միայն բարձրացնում է ավիատոմսերի գները, այլեւ երկարացնում է ճանապարհորդության ընթացքը՝ լրացուցիչ անհարմարություններ պատճառելով զբոսաշրջիկներին: Արդյունքում մեր գերագույն խնդիրն է՝ անել ամենը, որ 2013-ին հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը կարողանանք իրականացնել` գոնե օդային տրանսպորտի միջոցով մեր կապը արտաքին աշխարհի հետ մեծացնելու և միջազգային զբոսաջրջության շուկայում հասանելի երկիր դառնալու համար»-ասաց Ապրեսյանը: