Կարևոր իրադարձություններ

Առերևույթ Փաշինյանը գոհ էր Արտակ Շաբոյանի աշխատանքից, բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է. «Հրապարակ»

17 Ապրիլ, 2019 13:43
Առերևույթ Փաշինյանը գոհ էր Արտակ Շաբոյանի աշխատանքից, բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է. «Հրապարակ»

«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, ամենայն հավա­նականությամբ, արդեն այսօր կփոխարինի գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը: 

Վերջինիս Արտակ Շաբոյանի տեղը նշանակելու միջնորդությամբ կառավարությունն արդեն դիմել է ԱԺ-ին: Երեկ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատեց «Հրապարա­կի» լուրը: Մեր տեղեկություններով, առաջադրումն այս տեղի է ունե­ցել հապճեպ: 

Օրենքի համաձայն՝ ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապե­տի առաջարկով: Այս դեպքում ԱԺ նախագահին ուղղված համապատասխան միջնորդագիրը վարչա­պետը ստորագրել է ուշ գիշերով, Ստրասբուրգից վերադառնալուն պես, և ուղարկել է Ազգային ժո­ղով: 

Կառավարության աղբյուրը հավաստում է, որ միջնորդագիրը Փաշինյանի բացակայությամբ նա­խապատրաստել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գեղամ Գևորգյանի հետ: Վերջինս պայքա­րում էր հանրային ծառայություննե­րը կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, բայց այդ պաշտոնին Փաշինյանն առա­ջարկել է ԱԱԾ պետի քենակալ (բա- ջանաղ) Գարեգին Բաղրամյանին: Բաղրամյանի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի հաջորդ քառօրյային: Կառավարությունում հավանաբար որոշել են երկուսը մեկում անել: Փաշինյանն էլ առանց իրավական հարցերում խորանալու, ստորագրել է: Մինչդեռ խորանալու անհրաժեշտություն կար:

ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն 5 տարի պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը: Գեղամ Գևորգյանը նման փորձառություն չունի: Նա 2 տարի գյուղնախարարության ԾԻԳ-ի տնօ­րեն է աշխատել, և այդ շրջանում՝ 2016-2017 թթ. Վերահսկիչ պալատը խախտումներ ու չարաշահումներ է արձանագրել, որոնց նկարագիրը 39 էջ է:

Առերևույթ Փաշինյանը գոհ էր Շաբոյանի աշխատանքից: Փետրվա­րի 9-ին նա նույնիսկ իր ՖԲ էջում Դավոսի համաշխարհային տնտե­սական ֆորումի գնահատականն էր բերել: «Շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել է 19-րդ հորիզոնականում: Սա նշանակում է,- գրում է Փաշինյա­նը,- որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հա­սել մենաշնորհների դեմ պայքարում»: Բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին