Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի իշխանությունները պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը. Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ

16 Ապրիլ, 2019 15:15
Թուրքիայի իշխանությունները պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը. Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիի, Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրել են Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծել է, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հոգևոր առաջնորդները փոխանցել են իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին